«Բանակն իրականում» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել ճնշումները լրագրողների նկատմամբ եւ բացահայտել մամուլի հրապարակումներում հաղորդված հանցագործությունները:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ թեեւ ՀՀ զինդատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության խոստումներին՝ ընդունելու մամուլի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում, վերոնշյալ կառույցներն իրականում փորձում են անտեսել բանակում տիրող անօրինականությունները եւ ճնշումներ են գործադրում առկա խնդիրները հետեւողաբար լուսաբանող լրագրողների նկատմամբ:
«Վերջին շրջանում ավանդույթ է դարձել բանակում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերի լուսաբանման համար լրագրողներին ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը եւ նրանց կողմից հրապարակված նյութերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաեւ՝ տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ տվյալներ պահանջելը: Փորձը ցույց է տալիս, որ լրագրողներին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հրավիրելը նպատակ է հետապնդում ոչ թե օգտագործել հրապարակված տեղեկությունները հանցագործությունը բացահայտելու համար, այլ` հոգեբանական ճնշում գործադրելով լրագրողներին հեռացնել հանրությանն այսօր ամենաշատը հուզող` բանակի թեմայից: Դեռեւս հայտնի չէ մի դեպք, երբ լրագրողի հրապարակած տեղեկությունները քննչական ծառայությունն օգտագործել է ի նպաստ քննության:
Ընդհակառակը, իրականությունն արտացոլող տվյալներ հրապարակած լրագրողները, ովքեր հրավիրվել են քննչական ծառայություն, տպավորություն են ստացել, որ փորձ է արվում գործեր «սարքել» հենց իրենց դեմ: Փոխարենը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվում եւ մեդալներ են ստանում հենց այն լրագրողները, ովքեր հեռու են բանակում իրական հանցավորության մթնոլորտը ներկայացնելուց: Նման գործելակերպը վկայում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բռնությունները կոծկելու արատավոր իր պրակտիկան:
Չնայած ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի բոլոր հավաստիացումներին, թե բանակում իրավիճակը վերահսկելի է եւ առկա է առաջընթաց նախորդ տարիների համեմատ, բանակում զինծառայողների նկատմամբ բռնություններն ու կյանքի իրավունքի խախտումները շարունակվում են, ինչպես նաեւ շարունակվում են խնդիրները բարձրաձայնող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները:
Լրագրողներ Ժաննա Ալեքսանյանին, Սյուզան Սիմոնյանին, Գոհար Վեզիրյանին, Արթուր Մինասյանին եւ այլ լրագրողների տարաբնույթ, հաճախ նաեւ՝ անհիմն պատրվակներով ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը գնահատում ենք որպես քրեական հանցագործությունները կոծկելու պետական քաղաքականության շարունակություն:
Բացի հարցաքննություններից ճնշումներն ու սպառնալիքները դրսեւորվում են նաեւ այլ կերպ: ՀՀ ՊՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի հեռախոսազանգը epress.am-ի խմբագրություն եւ ՊՆ նախարարի մասին պատմող տեսանյութը կայքից հեռացնելու պահանջը ակնհայտ սպառնալիք է նյութը տեսագրող եւ հրապարակող լրագրողի ու լրատվամիջոցի հանդեպ:
Պահանջում ենք ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից եւ ՀՀ զինդատախազությունից`
- Դադարեցնել ապօրինի ճնշումները, սպառնալիքները եւ ահաբեկումները ՀՀ բանակի խնդիրները լուսաբանող լրագրողների հանդեպ,
- Բացահայտել մամուլի հրապարակումներում հաղորդված հանցագործությունները,
- Պատասխանատվության ենթարկել մեղավորներին,
- Պատասխանատվության ենթարկել լրագրողին կամ լրատվական միջոցին սպառնացող կամ ահաբեկող պաշտոնյաներին»,- ասված է հաղորդագրության մեջ:




























