Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը դեկտեմբերի 1-ին Աթենքում հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Պատվիրակությունների հինգ ղեկավարները վկայակոչեցին 2008թ. նոյեմբերին Մոսկվայում ընդունված հռչակագրում եւ 2008թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Հելսինկիի նախարարական հայտարարությունում ամրագրված պարտավորություները: Նրանք նշեցին բանակցությունների դրական դինամիկան, որն արձանագրվել է այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումների ընթացքում: Նրանք համաձայնեցին, որ այս հանդիպումների աճող հաճախականությունը զգալիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ընդլայնմանը եւ շարժմանը դեպի 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում:

Արտգործնախարարներ Լավրովն ու Քուշները եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ Հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում, եւ կողմերին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտելու այդ աշխատանքը` համաձայն հուլիսի 10-ին լ’Աքուիլայում Ութնյակի գագաթնաժողովում երեք նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության: Նրանք ընդգծեցին, որ Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը շրջանակային հիմք կծառայի համընդգրկուն կարգավորման համար, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա հիմնված ապագայի կերտմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել Հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: Նրանք հաստատեցին իրենց երկրների պատրաստակամությունը՝ ավարտելու աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա, ինչպես լ’Աքվիլայում հորդորել են համանախագահ երկրների նախագահները: Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ եռանդուն աշխատելու չլուծված հարցերի կարգավորման, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: