Մեր քսանամյա անկախության վերջին 5 տարիների ընթացքում այս խորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերը ոչ միայն արձանագրեցին հայ ժողովրդի եւ հայ մարդու հետ խորհրդարանական մեծամասնության անհաղորդ լինելը, այլ նաեւ փաստեցին  չար, նենգ եւ անարդարացի լինելու մասին: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հիմնավորելով  «չար, նենգ եւ անարդարացի լինելու մասին իր կարծիքը»:

«Եվ այսպես. այս հինգ տարիների ընթացքում  փորձ կատարվեց հայ մանուկից օտարել մայրենի լեզվով ուսուցում ստանալու իրավունքը` արմատավորելով օտարալեզու դպրոցները, փորձ կատարվեց ցեղասպան Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության ձեռամբ օրինականացնել հանցագործության պտուղները, որով պետք է ճանաչվեր Թուրքիայի հետ ներկայիս գործող քեմալաբոլշեւիկյան սահմանը: Թուրքական արձանագրություններ, որոնք, մինչ օրս գտնվելով ԱԺ մեծ օրակարգում, տրորում են հայ մարդու արժանապատվությունը:

Այս խորհրդարանը մերժեց մեր քսանամյա երկրորդ հայկական պետության` Արցախի Հանրապետության  ճանաչումը` հավանություն տալով Մադրիդյան սկզբունքներին, որով նախատեսվում է սրբազան հայրենիքի հողերի օտարում, այն բավարարեց պաշտոնական դիրքի չարաշահմամբ ներկայացված անօրինական միջնորդագիրը, որով չորս պատգամավորներ հանձնվեցին անարդար եւ բիրտ մամլիչ համակարգի ճիրաններին:

Այս խորհրդարանը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության նախագահական իշխանությունը ներկայացնող ապօրինի հրամանագրին, որով պաշտոնապես օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը, հայտարարվեց, որ 2008 թվականի մարտի 1-ի էջը փակվել է, թեեւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել, երբ կյանքի իրավունքի, անձի անձեռնմխելիության, խոսքի ազատության, հավաքների ազատության  նկատմամբ ոտնձգությունների իրականացման համար 10 մարդ զոհվեց, բազմաթիվ մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ եւ տեւական ժամանակ ապօրինաբար գտնվեցին բանտախցերում: Չար եք, նենգ եք, անարդարացի եք, այնուամենայնիվ մարդ եք: Ես սիրում եմ մարդկանց: Ես չեմ սիրում նրանց արատները»,- նշեց պատգամավորը: