Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից չի ստացել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը, որ ԿԸՀ-ն վերահասցեագրել է ԸԸՀ-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը:

Հարցին, թե քննելո՞ւ են արդյոք վերահասցեագրված դիմումը, Յազրյանը պատասխանեց, որ ստանալուց հետո պարզ կլինի:

Հիշեցնենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` մարտի 21-ին կայացած նիստում, մերժել է գործարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել էր, թե դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը ԿԸՀ-ից խնդրել էր իրեն գրանցել որպես պատգամավորության թեկնածու` հաշվի չառնելով ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության որոշումը, թե Սուքիասյանը վերջին հինգ տարում չի բնակվել Հայաստանում:

Ըստ ոստիկանության, Խաչատուր Սուքիասյանը Հայաստանից այդ ընթացքում բացակայել է 10 ամիս եւ 20 օր:

Նշենք, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել են Խաչատուր Սուքիասյանը, նրա եղբայրը` «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը եւ գործարար Գարեգին Նուշիկյանը` ՀՀԿ-ից: Սուքիասյանը ոստիկանության որոշումն ապօրինի էր գնահատել, իսկ Հայ ազգային կոնգրեսը այն «քաղաքական հետապնդում» էր համարել: