«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկության ժամանակ ԱԺ դահլիճում քվորում չի եղել: Այս մասին այսօր` մարտի 21-ին, խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պարզաբանումները չբավարարեցին Լարիսա Ալավեդյանին եւ նա շարունակեց դժգոհություն հնչեցնել` ասելով, թե չի սպառել իր ելույթի ժամանակը, որից հետո խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանն անջատեց նրա խոսափողը: Այդուհանդերձ, Լ. Ալավերդյանը բարձրաձայն շարունակեց իր խոսքը:

«Տիկին Ալավերդյան...», - քանիցս նրան փորձեց հանդարտեցնել Նիկոյանը, ապա շարունակեց. «Հինգ տարի Դուք աշխատում եք Ազգային Ժողովում եւ չեք սովորել կանոնակարգը: Խոսեք, խոսեք...նիստից հետո մենք ձեզ անսպառ խոսելու ժամանակ կտանք»:

Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ խորհրդարանի դահլիճում իշխող կոալիցիայի պատգամավորները քվեարկում են ուրիշի փոխարեն, արհեստականորեն քվորում ապահովելով եւ այս կամ այն օրինագծի ընդունմանը նպաստելով: «Ժառանգության» պատգամավորները բազմաթիվ անգամ բողոքել են նման գործելակերպի դեմ, անգամ քվեարկության ժամանակ կանգնում են, որպեսզի պարզ տեսնեն, թե ովքեր են ուրիշի փոխարեն քվեարկում: