Ավանի թիվ 1 ընտրատարածքում առայժմ ոչ ոք առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը` հավելելով, որ մարտի 21-ի, ժամը 18-ի դրությամբ ոչ ոք առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել ԸԸՀ: Նշենք, որ վաղը` մարտի 22-ին ավարտվում է առաջադրման ժամկետը:

Ավանի թիվ 1 ընտրատարածքում, ըստ շրջանառվող տեղեկությունների, առաջադրվելու է հանրապետական  պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, թեեւ նա ավելի վաղ հայտնել էր, թե չի ցանկանում առաջադրվել, որպեսզի ավելի շատ զբաղվի ֆուտբոլի հարցերով: Հանրապետական կուսակցությունը նախնական որոշում էր կայացրել թիվ 1 ընտրատարածքում առաջադրել Մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի թեկնածությունը, բայց նրա փոխարեն ամենայն հավանականությամբ, առաջադրվելու է Հայրապետյանը:

Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի