Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` մարտի 21-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում նորանշանակ պապական նվիրակ Նորին սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս  Սոլչինսկիին եւ շնորհավորել նշանակման առիթով` հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը: Վերհիշելով Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան 2001թ.` Գարեգին Բ-ն իր խոսքում ընդգծել է, որ նման փոխադարձ այցելությունները նորոգում եւ ամրապնդում են երկու Եկեղեցիների կապերը: Այդ առումով կարեւորվել են նաեւ շփումները եւ համագործակցությունը  թեմական եւ ծխական մակարդակի վրա:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: