Թեեւ Հայաստանում ընտրողների 6 տոկոսը սահմանափակ հնարավորություններով մարդիկ են, բայց նրանց ընտրելու իրավունքը դեռ լիովին ապահովված չէ:
Հայաստանում հաշվառված սահմանափակ հնարավորություններով մարդկանց թիվն ավելի քան 173 հազար է, որից մոտ 164 հազարն ունեն ընտրելու իրավունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փարոս» հ/կ-ի ղեկավար Սուրեն Օհանյանը: Ըստ որում` նրանցից 11.033-ը 1-ին կարգի հաշմանդամ է եւ տեղաշարժվելու լուրջ խնդիրներ ունի: Սուրեն Օհանյանի խոսքով` մինչ 2008թ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար ընտրություններն անմատչելի էին 87 տոկոսով, այսօր` 85 տոկոսվ:
Նրա ներկայացմամբ` նախորդ ընտրություններին 1920 ընտրատեղամասերից թեքահարթակներով ապահովված էր 100-ը: Ըստ որում` սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար «ամենամատչելին» Տավուշի մարզն է, որն ունի 39 հարմարեցված հասարակական վայրեր, երկրորդ տեղում Գեղարքունիքի, իսկ երրորդում` Լոռիի մարզերն են` ունենալով համապատասխանաբար 19 եւ 16 հարմարեցված վայրեր: Թեեւ Գյումրիում 95 սալյակով ընտրող կա, բայց այնտեղ հարմարեցված վայրերը փոքր թիվ են կազմում:
Ընտրատեղամասերում տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար ամենամեծ խնդիրներից են թեքահարթակների բացակայությունը, շարժասայլակների համար դռների նեղ լինելը, ինչպես նաեւ այն, որ երբեմն անհրաժեշտ է բարձրանալ երկրորդ հարկ: Ըստ որում, Սուրեն Օհանյանը տեղեկացրեց, որ այս խնդիրները լուծելու համար ֆինանսական մեծ ներդրումներ այդքան էլ չեն պահանջում, մեկ թեքահարթակի կառուցման համար անհրաժեշտ է ընդամենը 40 հազար դրամ, դրանից մի փոքր ավելի քիչ է անհրաժեշտ շարժական թեքահարթակների համար:
«Փարոսի» ղեկավարի վստահեցմամբ, եթե անգամ հաշմանդամություն ունեցող ընտրողը որեւէ մեկի օգնությամբ հասնի ընտրատեղամաս, նրա ընտրելու հնարավորությունը դեռ երաշխավորված չէ:
Սահմանափակ հնարավորություններով անձանց մեջ մտնում են ոչ միան տեղաշարժման իրավունք ունեցողները, այլեւ տեսողական, լսողական խնդիրներ ունեցողները, որոնք ոչ միայն պրակտիկորեն չեն կարողանում օգտվելու ընտրելու իրավունքից, այլեւ զրկված են քարոզարշավին հետեւելու հնարավորությունից:
Խնդրի առնչությամբ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարտի 24-26-ին պարզ կլինի հանրապետության ընտրատեղամասերի քանակը, առայժմ դրանք սահմանված չեն, բայց նախկին համապետական ընտրությունների արդյունքը ցույց է տալիս, որ Հայաստանի ընտրատեղամասերի միայն 15 տոկոսն է հարմարեցված տեղաշաժվելու հետ խնդիր ունեցող անձանց համար: «Ընտրական շրջանում ակտիվորեն եւ հասարակական կամակերպությունները, եւ պետական մարմինները, աշխատելու են տեղաշարժվելու սահմանափակություն ունեցող ընտրողների տեղամաս այցելելու խնդիրները լուծելու համար»,- նշեց Արմեն Սմբատյանը: Ըստ որում` տեղամասային կենտրոնը հարմարեցնելու լիազորությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, իսկ ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքով միայն վերահսկելու, կարգավորելու, աջակցելու գործառույթ ունի:
Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ առաջիկայում այդ հարցի վերաբերյալ կկազմակերպեն քննարկումներ ԿԸՀ-ի հետ, որպեսզի ընդհանուր որոշման գան, նախանշեն անելիքները, թե ինչպես անել, որպեսզի այս ընտրություններում սահմանափակ հնարավորություններով անձանց ընտրելու իրավունքն ավելի քիչ ոտնահարվի:
Նշենք, որ սահմանափակ հնարավորություններով անձանց իրավունքները երաշխավորված են նախ Սահմանադրությամբ, ապա Ընտրական օրենսգքրի 15-րդ հոդվածի 5-րդ կետով:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























