ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը կրկին հաստատեց այն սկզբունքները, որ ամրագրված են 2008թ. Մայնդորֆյան հռչակագրում, որտեղ հստակ շեշտ է դրված ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ուժի կիրառման անթույլատրելիության վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չգիտես ինչու, մոռանում է այդ փաստաթղթի տակ նախագահ Իլհամ Ալիեւի դրած ստորագրության մասին, իսկ ինքը՝ Ալիեւը, մոռանալով իր ստորագրության մասին, վերջին շրջանում հանդես է գալիս «Ռոբին Հուդի» ոգով արվող հայտարարություններով: Պատգամավորը նկատել է, թե ներկայիս փաստաթուղթը, որի տակ դրված է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի ստորագրությունը, ամենայն հավանականությամբ, Բաքվին իրականություն է վերադարձրել: «Բացի այդ, կարեւոր է, որ այդ հայտարարույթունը հերթական անգամ ամրագրեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքը նույնքան կարեւոր է, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նկատել է, թե վաղ է խոսել շրջանակային համաձայնագրի մասին, քանի որ վերջնական համաձայնեցված չեն այդ երկու սկզբունքները: «Հայաստանի համար միանշանակ է, որ ԼՂՀ անկախությունը, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունի: Հակամարտության պատճառը կարգավիճակի հարցն էր, եւ քանի դեռ այդ հարցը իրավաբանորեն չի ամրագրվել ընդհանուր փաթեթում, հանրաքվեի անցկացման հստակ ժամկետներ չկան, որեւէ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող»,- նկատել է Զոհրաբյանը եւ հավելել, որ երբ ասվում է չլուծված խնդիրների մասին, նկատի ունեն այդ հարցը:
Նաիրա Զոհրաբյանը ողջունեց կողմերի որոշումը՝ շարունակել բանակցությունները՝ կարեւոր համարելով վստահության մթնոլորտի ստեղծումը, քանի որ առանց դրա դրական արդյունքների չեն հասնի:




























