Ստորագրվել է  Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում «Մագիստրոսական ուսումնական ծրագրի նախապատրաստման» փոխըմբռնման հուշագիր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բնապահպանության նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` ջրի միջազգային օրվան նվիրված Հայաստանի բնապահպանության նախարարությունը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, ակադեմիկոս Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը եւ ՄԱԶԾ/ԳԷՖ «Քուռ-Արաքս գետավազանի դեգրադացիայի կրճատման ծրագիըը», ինչպես նաեւ  շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ջրային բնագավառի ուսանողների մասնակցությամբ  կազմակերպել էր  մեծ միջոցառում:

Հուշագիրն իր մեջ ներառում է դրույթներ, որոնց համաձայն  Մագիստրոսական ուսումնական կուրսի տեսական մասը պետք է իրականացվի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, գործնականը` Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի լաբորատորիայում: Աշխատանքների կատարման ֆինանսական աջակցությունն իրականացվելու է ՄԱԶԾ/ԳԷՖ «Քուռ-Արաքս» ծրագրի կողմից, իսկ գործընթացի համակարգումը` ՀՀ բնապահպանության նախարարության:

Ակադեմիկոս Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի ուսումնագիտական կենտրոնի հիդրավլիկական լաբորատորիայում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Հանրապետության ջրային բնագավառի համար կարեւոր նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառույցների լաբորատորիայում կառուցված եւ գործող փորձանմուշների, մանրակերտերի աշխատանքներին եւ նոր սարքավորումների, մասնավորապես` հիդրոպոմպի գործարկման  հետ: