Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մարտի 23-ին, ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին: NEWS.am-ին Կրթության եւ գիտության նախարարութունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առկա եւ հնարավոր համագործակցության առաջնահերթությունները, մասնավորապես, նախադպրոցական, միջնակարգ եւ ներառական կրթության հետ կապված խնդիրները, որոնք վերջին տարիներին շարունակական բնույթ են կրում Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կազմվել է ներառական կրթության օժանդակության նոր ծրագիր, որի իրականացման նպատակով նախարարության, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի եւ հիմնադրամի ներկայացուցչների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար: Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին՝ նա ընդգծել է, որ հստակ քայլեր են կատարվում վերջիններիս հայտնաբերման եւ ուղղորդման մեխանիզմների ճշգրտման ուղղությամբ՝ գործընթացում ներգրավելով նաեւ միջազգային խորհրդատուի: Քննարկման ընթացքում տիկին Արենսին անդրադարձել է նաեւ աշակերտական խորհուրդների հզորացման խնդրին, որն իրականացվում է նոր աշակերտական պորտալի միջոցով, որին այսօր արդեն միացել է 30 աշակերտական խորհուրդ:
Նախարարը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին տեղեկացրել է, որ աշնանը Աժ քննարկմանն է ներկայացվելու «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, որը երեխաների իրավունքների եւ կրթական կարիքների սպասարկման տեսանկյունից շատ մեծ փոփոխություններ է նախատեսում: Աշակերտական խորհուրդների հզորացման հետ կապված Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլին առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել աշակերտական խորհուրդների հավաք եւ ձեւավորել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում. առաջիկայում նախատեսվում է իրականացնել դպրոցների վարկանիշային մեթոդաբանություն, որը կարեւոր գործիք կհանդիսանա դպրոցների գործունեության թափանցիկության համար, կառաջարկի կրթության որակի կազմակերպման օբյեկտիվ չափագրման գործիքներ եւ հասարակությանը կտրամադրի առավել ճշգրիտ տեղեկատվություն:




























