Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իարավասության դատարանում մեկ ժամից կհրապարակվի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավճիռը:
Այսօր` մարտի 23-ին կայացած նիստում, պաշտպանական ճառով հանդես եկավ Հովհաննես Թամանյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը, դատարանին ներկայացնելով անձը բնութագրող ու պատասխանատվությունը բնութագրող հանգամանքները` խնդրելով քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ կիրառելիք պատիժը ազատազրկման ձեւով պայմանականորեն չկիրառել` սահմանելով նվազագույն փորձաշրջանը 1 տարի ժամկետով: Դրանից հետո վերջին խոսքով հանդես եկավ Հովհաննես Թամամյանը: Բացի Թամամյանից մյուս երկուսը հրաժարվեցին վերջին խոսքով հանդես գալ: Թամամյանն էլ հայտարարեց, որ ինքը Հայաստան պետությանը եւ ոստիկանությանը նվիրված մարդ է եղել ու շարունակում է այդպիսին մնալ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ 1 ժամից կհրապարակվի դատավճիռը:
Նշենք, որ մարտի 20-ին կայացած նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը 4 տարվա ազատազրկում էր պահանջել Հովհաննես Թամամյանի համար: Իսկ Արմեն Պողոսյանին ու Վահան Խանզադյանին առաջարկել էր դատապարտել 2,5 տարվա պայմանական ազատազրկման:
Ավելի վաղ Խանզադյանը, Պողոսյանն ու Հովհաննես Թամանյանը իրենց մեղավոր էին ճանաչել կատարած հանցանքում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:
Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:




























