Երբ դերասան Վլադիմիր Կոստանյանը որոշեց հումորային մանրապատումներից տեղափոխվել ոչ պակաս հումորային Ազգային ժողով՝ առաջադրվելով 10-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, բավականին ոգեւորված ներկայացրեց իր ազգանվեր նպատակներն ու անելիքները։ Լուրջ հիմնավորումներով ներկայացրեց իր դերը ԱԺ-ում, այն է՝ բարձր ամբիոնից գոնե բարձրաձայնել մշակութային ոլորտում առկա խնդիրների մասին։ Սակայն այդ ընթացքում թեժացավ իր եւ նույն ընտրատարածքում այլ թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մենամարտը։ Երկու թեկնածուները մոռացան նախընտրական ծրագրերն ու ապագա անելիքները եւ զբաղվեցին միմյանց հրապարակավ վարկաբեկելով։ Ու թեեւ Վլադիմիր Կոստանյանը ինքնաբացարկ հայտնեց, սակայն, ինչպես ինքն է ասում, Հմայակ Հովհաննիսյանը «շարունակում է իր վրա վնգստալ»։ Նախկին թեկնածուից NEWS.am-ը փորձեց պարզել, թե ինչից սկսվեց իրենց վեճը։

Ինչո՞ւ հենց Ձեր ու Հմայակ Հովհաննիսյանի միջեւ սկսվեցին տարաձայնությունները։

Առաջին պահից հենց լսեց, որ ես առաջադրվել եմ, սկսեց ինձ վարկաբեկել ու այլանդակ բառեր ասել իմ հասցեին։ Նա հասկացավ, որ ես եմ հաղթում, նա գիտեր, որ ես պոտենցիալ հաղթողն եմ։ Երեկ էլ ակումբում իմ անվան հետ սկսել ու ավարտել ա, չեմ հասկանում, թե ինչի ա վնգստոց գցել, ինչ ա ուզում ինձանից։

Պարոն Կոստանյան, ինչո՞ւ հրաժարվեցիք թեկնածությունից, չէ որ Դուք բավականին լուրջ ծրագրեր ունեիք, եւ Ձեր դերը ԱԺ-ում շատ կարեւորում էիք , բացի այդ վստահեցնում, որ ջախջախիչ հաղթանակ եք տանելու։

Ես հիմա էլ եմ ասում, որ մնայի, կջախջախեի բոլորին անխտիր, հաղթողը ես էի լինելու, որովհետեւ ժողովուդը իմ հետ էր, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանին այդ թուղթը չէին տալիս, ես ասացի բոլորս հրաժարվենք առաջադրումից, որ այդ մարդուն գրանցեն։ Ուրեմն Հմայակ Հովհաննիսյանը դուրս եկավ խոսեց, թե ես ուզում եմ վիժեցնել, ինքը հրաժարվեց իմ առաջարկից, Հակոբյանն էլ չհանեց, Սիմոնյանն էլ ընդհանրապես չերեւաց ասպարեզում եւ ես մնացի մենակ, ու ես հանեցի իմ թեկնածությունը, քանի որ խոստացել էի, եթե այդ մարդը դրեց, ես կհանեմ։ Ու այդ փոքր ժամանակում պատռեցի մի քանիսի դիմակը՝ սկսած Հմայակ Հովհաննիսյանից։

Պարոն Կոստանյան, ստացվում է Ձեր առաջադրվելու նպատակն էր նաեւ, որպեսզի պատռեի՞ք Հմայակ Հովհաննիսյանի դիմակը։

Քանի որ ես երեւանցի տղա եմ, խոսքս ասել եմ, որ կհանեմ, եթե այդ մարդուն գրանցեցին, քանի որ իմ խոսքի տերն էի՝ հանեցի ու ցույց տվեցի, թե դիմադիրն ու ընդդիմադիրը ով են։ Իմ կարծիքով այդ ընտրությունները անվավեր կհամարվեն։ Մամուլով ինչ այլանդակ բաներ ասես, որ չգրեցին իմ մասին, ընդդիմադիր ու իշխանական թերթերը։ Ես պարզեցի, որ դա իշխանության թեկնածուն Հմայակ Հովահաննիսյանն էր, որ ամեն ինչ անում էր՝ ժողովրդի աչքում իմ համբավն ու անունը գցելու համար։

Դուք չե՞ք փոշմանել, որ առաջադրվեցիք։ Չէ՞ որ այս ընթացքում, ինչպես Դուք եք ասում, մամուլն ու Ձեր մրցակիցը փորձեցին Ձեզ միայն վարկաբեկել։

Ես չեմ փոշմանել ես ուրախ եմ, որ մտա այդ քաղաքականության մեջ եւ մնում եմ քաղաքականության մեջ։ Համոզված եղեք, որ 2012 թվականին անպայման կլինեմ Ազգային ժողովում։