ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինանի եւ Եվրասիայի հարցերով օգնական Սելեստա Վոլանդերը, որն արդեն երկրորդ օրն է՝ գտնվում է Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, այցելել է հայկական խաղաղարար բրիգադ: Լրագրողները սպասում էին բիգադի ղեկավարության հետ հանդիպման արդյունքներով նրա հայտարարություններին, եւ բազմաթիվ հարցեր ունեին Վոլանդերի Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ: Սակայն մեկ ժամից ավելի սպասելով տիկին Վոլանդերին՝ հայ լրագրողները ստիպված էին ցրվել՝ հնարավորություն չունենալով լուսաբանել Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ Պենտագոնի դիրքորոշումը:
«No questions» այսպիսին էր Վոլանդերի պատասխանը հարցեր տալու՝ ԶԼՄ-ներկայացուցիչների փորձերին:
«No questions», նրան կրկնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ելույթ ունենալով խաղաղարար առաքելությունների շրջանակներում ԱՄՆ-ի եւ Հայաստանի գործակցության մասին հերթապահ հայտարարություններով՝ Սելեստա Վոլանդերը հեռացավ պատվիրակության հետ:
Հարկ է նշել, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը Բաքվում հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները սատարում են Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, երկրի ղեկավարության հետ հանդիպմանը «Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել առաջին հերթին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը հաշվի առնելով, որ ճանաչված են աշխարհի երկրների, նաեւ գործող միջազգային իրավունքի կողմից»: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, տիկին Վոլանդերի առջեւ լուրջ խնդիր էր ծագել խույս տալ հայ լրագրողներից եւ նրանց՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական անվտանգության անքակտելի իրավունքի մասին հարցերից:




























