Մոսկվայում սեպտեմբերի 14-ին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը, հանրահավաքն անցել է հանգիստ մթնոլորտում, առանց միջադեպերի: «Ելույթ են ունեցել ռուս հասարակական եւ քաղաքական գործիչներ, մասնավորապես ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Հանրային պալատի, այլ կազմակերպությունների անդամներ: Բոլորը միահամուռ դատապարտել են հանցագործի հերոսացումը», - նշել է Մուքանյանը` հավելելով, որ իր կարծիքով անգամ մոսկվայաբնակ ադրբեջանցիներն են դատապարտում Ալիեւի արարքը: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են Հունգարիայի եւ Ադրբեջանի ղեկավարության հրաժարականը:
Միաժամանակ, նրանք անհանգստություն են հայտնել Ռուսաստանի ղեկավարության չափազանց մեղմ արձագանքի կապակցությամբ:
2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ. ապրիլին Հունգարիայի դատարանը Ռ. Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն ս/թ. օգոստոսի 31-ին հունգարական իշխանությունները ոճրագործին արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատեցին եւ հերոսին վայել մեծարանքների արժանացրին:
Նույն օրը Երեւանը կասեցրեց Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները:


































