News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանը նախորդ տարի հունիսի 2-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ գործի շրջանակներում առայժմ միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է, ում մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝  սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Փաստաբանն ասաց, որ գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու նպատակով, նրանք 14 աշխատանքային օր ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, պահանջել են նաեւ նյութերի պատճենները: «Եթե միջնորդություններ չանենք, ապա նյութերը կուղարկվի դատախազին եւ մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո այն կուղարկվի դատարան, ամենայն հավանականությամբ՝ գործը դատարանում կլինի մայիսին»,- ասցա Հայկ Ալումյանը: Փաստաբանն ասաց, որ իրենք թերեւս միջնորդություններ չեն անի, քանի որ այս նախաքննական մարմնին այս գործով չեն վստահում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունել է Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Սեպտեմբերի 7-ին Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանք ազատ են արձակվել:

Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ