News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով սոցկայքերում տարածված լուրերին, թե Զվարթնոցի տաճարում խրախճանք է օրերս կազմակերպվել:

«Խրախճանքների մասին խոսք լինել չի կարող, պարզապես միջոցառումներ են թույլատրվում, որոնց մեջ նաեւ ֆուրշետն է մտնում: Կոնկրետ Զվարթնոցի դեպքի համար ասեմ, որ այնտեղ միջոցառում է կազմակերպել «Քեմփ վենչուրս» ընկերությունը, որին մասնակցել են հայ եւ ռուս գործարարներ, եղել է մրցանակաբաշխություն, իսկ վերջում արդեն ֆուրշետ: Նմանատիպ միջոցառումներն օրենքով թույլատրվում են, քանի որ սրանք հուշարձանը գովազդելու համար քարոզչական եւ հանրահռչակման միջոցառումներ են»,- ասաց նա:

Վլադիմիր Պողոսյանի խոսքով՝ Զվարթնոցում հունիսի 14-ին անցկացված միջոցառման մասին դեռ օրեր առաջին էին հայտնել՝ զգուշացնելով, որ զբոսաշրջիկների համար այն փակ է լինելու, իսկ համացանցում լուսանկարներում տեխնիկական աշխատողներն են եղել կիսավարտիքներով:

«Գառնիում էլ հունիսի 18-ին կենտրոնական բանկն է նմանատիպ միջոցառում կազմակերպում. հարավարեւելյան եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում համերգային միջոցառում է լինելու, իսկ վերջում արդեն ֆուրշետ: Ավելի քան 300 հյուր է լինելու, այդ պատճառով էլ ժամը 17:00-ից տաճարը փակ կլինի այցելուների համար»,- նշեց ՊՈԱԿ-ի ղեկավարը:

Հարցին, թե ինչքան է կենտրոնական բանկը վճարել տաճարը փակելու համար՝ Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Ավելի քան 1 մլն դրամ, սա մաքսիմալն է»:

Նշենք, որ շատ օգտատերեր իրենց ֆեսյբուքյան էջերում գրառումներ էին կատարել՝ հայտնելով, որ իրենք տեսել են, թե ինչպես են Զվարթնոցում կիսամերկ ռուսներ պտտվում, իսկ պատճառն անցկացվելիք խնջույքն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ