«Երկրապահ կամավորների միության» վարչության անդամներին զայրացրել է Ազատամարտիկների դաշինքի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հայտարարությունը, թե ԵԿՄ վարչության անդամ Նահապետ Թումանյանը «զուգարանի թուղթ» է:
NEWS.am-ի հետ զրույցում ԵԿՄ Արաբկիրի Տ/Բ նախագահ Գագիկ Դավթյանը նշեց, որ Ռուստամ Գասպարյանի պահվածքն ուղղված է հենց Սպարապետ Վազգեն Սարգսյանի դեմ:
«Ազատագրական պայքարի սկզբից Վազգեն Սարգսյանի գործունեությունն ուղղված էր ջոկատները միավորելուն, միասնական Երկրապահի ստեղծմանը: Իսկ Ռուստամի նմանները ԵԿՄ-ն քայքայելու փորձեր են անում՝ ջուր լցնելով հայ ազգի թշնամիների ջրաղացին»:
ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Աբել Հարությունյանն էլ համոզված է, որ ԲՀԿ-ական պատգամավորը հանդես է գալիս թուրքերի անունից. «Ռուստամ, քե՞զ ինչ եղավ: Դո՞ւ խի անցար թուրքերի յանը: Չես հասկանում, որ Երկրապահին քննադատողը, Երկրապահին թշնամի համարողը թուրքն է: Սաքունցի ջրե՞րն ես ընկել, թե՞ էն գողացածդ կովերը, որ տանում սահմանի էն կուռը ծախում էիր թուրքերին, կրոնդ լրիվ փոխել ես, թուրքի հետ ընկերացել, թուրք ես դարձել: Ամոթ ա, Ռուստամ, դարձի եկ, մի ստիպի, որ ուրիշ ձեւերով դարձի բերենք»:
Նույն կարծիքն է նաեւ ԵԿՄ Երեւանի խորհրդի փոխնախագահ Արթուր Մկրտչյանը:
«Այ համբալ, այ Ռուստամ կոչեցյալ, քեզ քանի՞ արծաթով են առել թուրքերը, որ հերոսական կենսագրություն ունեցող տղայի հասցեին վայրահաչես: Դու Նհոյի ճկույթն արժե՞ս, որ նրա հասցեին բարբաջում ես այ անամոթ: Զուգարանի թուղթ ես տեղովդ, էն էլ՝ բազմակի օգտագործված թուղթ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Մկրտչյանը:
Նշենք, որ Ռուստամ Գասպարյանն ազատամարտիկ Նահապետ Թումանյանի հասցեին մասնավորապես ասել էր. «Զուգարանի թուղթ է, ես նման թղթերի, որոնք օգտագործում են եւ դեն են շպրտում, չեմ պատասխանում»: Հիշեցնենք, որ Նահապետ Թումանյանը ԲՀԿ-ական ազատամարտիկին հիշեցրել էր վերջինիս անցյալը. «Այ Ռուստամ, արդեն քեզ իրավունք ես վերապահում ուրիշներին խորհուրդ տալ, չափիդ մեջ մնա, այ կովի գող, մոռացե՞լ ես' կով գողանալու համար 6 ամիս բռնվեցիր, բայց կաշիդ չես փոխել»:



























