Ով իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը»՝ անդրադառնալով վերջին օրերին  ազատամարտիկների նկատմամբ բռնությունների դեպքերին:

«Ոչ մի բան էլ չկա սրա հետեւում: Ոով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով ինչ անի իրա պատասխանը պիտի ստանա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»,-նշեց Առաքել Մովսիսյանը, ով եւս մասնակցել է արցախյան ազատամարտին:

Այլ հարցի Առաքել Մովսիսյանը չպատասխանեց եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը: Դեկտեմբերի 11-ին էլ հարձակման էր ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ազատամարտիկներն ու ՀԱԿ անդամները համոզված են, որ սրա հետեւում կանգնած են իշխանության ներկայացուցիչները: