Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանը մոտ 2 ամսից ազատ կարձակվի:
Նա դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ձերբակալվել էր 2011թ հոկտեմբերի 5-ին, հետեւաբար՝ պատժի ժամկետը լրանում է ապրիլի 5-ին: Բայց քանի որ ապրիլի 5-ը կիրակի է, ուստի՝ Կարեն Արայանը ազատ կարձակվի ապրիլի 3-ին՝ շաբաթվա վերջին աշխատանքային օրը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: 2011թ. սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել:
Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի նախկին ընկեր Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարներն ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվել է տուգանք` աշխատավարձի 300-ապատիկի չափով:Իսկ Վճռաբեկ դատարանը չէր ընդունել դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի դատավճիռը բեկանելու պահանջը: Նրանք դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան:




























