Այս տարի  համեմատած նախորդ տարվա, Ամանորի գիշերը Երեւանի ռեստորաններում անցկացնել ցանկացողներն ավելի շատ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Երեւանի տարբեր ռեստորանների ներկայացուցիչները` նշելով, որ ռեստորանների մեծ մասում տեղերն արդեն նախապես պատվիրված են, իսկ շատերում արդեն ազատ տեղեր չկան:

Երեւանում գտնվող ռեստորաններից շատերի մուտքի նվազագույն արժեքը Ամանորի գիշերը մեկ անձի համար արժե 10.000 -50.000 դրամ` առանց ճաշացանկի, իսկ առավելագույնը` 60.000-ից 100.000 դրամ` ճաշացանկով:

Ռեստորաններից մեծ մասի մուտքի արժեքի մեջ ամանորյա գիշերվա շոուն, Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը, մնացած անակնկալները  չեն մտնում` բացառությամբ մի քանի ռեստորանի: 

Մեզ հետ զրույցում ռեստորանի ներկայացուցիչներից շատերը նշեցին, որ իրենց ռեստորանում կան հստակ սահմանված թվեր` օրինակ, եթե ռեստորանի մուտքի արժեքը 30. 000 դրամ է եւ դրա մեջ ներառվում է նաեւ սեղանը` պանիր, տաք  ուտեստ եւ խմիչք, ապա սեղանի պատվիրատուները պետք է 4 հոգուց պակաս չլինեն, իսկ եթե պակաս են, օրինակ` 3 հոգի, վերջում պետք է վճարեն 4 հոգու փոխարեն` 80.000 դրամ: Այն ռեստորանները, որտեղ մարդկանց քանակի սահմանափակում չկա եւ ռեստորանի մուտքի գնի մեջ մտնում է նաեւ սեղանը, հիմնականում միրգ եւ խմիչք է դրվում սեղանին: 

Կան ռեստորաններ, որտեղ այսպիսի սահմանափակումներ չկան.  քաղաքացին հնարավորություն ունի իր մուտքի արժեքը վճարելուց հետո ընտրել ճաշացանկը եւ առանձին վճարել  շոուի համար, եւ գիշերվա ընթացքում ռեստորանն իր այցելուների համար, մասնավորապես, երեխաների, նվերների տեսքով անակնկալներ է անում:

Նշենք, որ Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, Երեւանի ռեստորաններում կազմակերպված շոուների ընթացքում հիմնականում հայ ռաբիս երգիչների կատարումներ են լինում, բացառությամբ մի քանի ռեստորանների, որտեղ հայ հայտնի էստրադային երգիչների կատարումներ կլինեն: