News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այդ մեծածավալ դիտողական աշխատանքը կատարվել է 1965-1980թթ. Մարգարյանի եւ իր աշխատակիցների կողմից եւ հանդիսանում է աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունը, ծածկելով հյուսիսային երկնքի մեծ մասը:

Այն իր բնույթով եզակի եւ հանդիսանում է նաեւ ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրը, որի արդյունքում հայտնաբերվեց գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ): Մարգարյանի շրջահայությունը թվայնացվել է 2002-2005թթ. (Digitized First Byurakan Survey, DFBS) եւ ներկայումս նրանում պարունակվող կարեւորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է, ընդ որում այդ աշխատանքը Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր: Արդյունքում ներկայումս թե լուսանկարչական թիթեղների վրա եւ թե թվային տեսքով պահպանվել են 20 միլիոն երկնային մարմինների սպեկտրալ տվյալները: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992թ.` աշխարհում գոյություն ունեցող արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր, որն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները եւ արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում եւ պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից: Հայաստանից այդ ծրագրում դեռեւս 1997թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

 

 

Տպել
Ամենաշատ