News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 2-ը Ժնեւի լճի ափին գտնվող Ռոլ քաղաքում (Շվեյցարիա) տեղի է ունեցել Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) խորհրդակցությունը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Հայկական աստղագիտական ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ նման խորհրդակցություն տեղի էր ունեցել նաեւ 2008-ին Հոլանդիայի Լեյդեն քաղաքում, եւ այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին չորս տարիների արդյունքները եւ քննարկել հետագա անելիքները:

Հայաստանից խորհրդակցությանը մասնակցել եւ զեկուցումով հանդես է եկել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան). նրա զեկուցումը նվիրված էր ՀԱԸ գործունեությանը 2008-2011 թվերին: Տարբեր երկրներում աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ զեկուցումներ են ներկայացրել նաեւ Ավստրիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի աստղագիտական ընկերությունների նախագահները:

Ներկայացվել եւ քննարկվել է ԵԱԸ նախագահի կողմից առաջարկված եվրոպական աստղագիտության զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների կազմակերպումը եւ այլն:

Մասնավորապես, որոշվել է սկսած 2014-ից ԵԱԸ տարեկան համաժողովների բյուջեն 4000-5000 եվրոյից ավելացնել մինչեւ 100 հազար եվրո եւ նրանցում մասնակցությունը 400-500-ից հասցնել մինչեւ 1500-2000 գիտնականի: Քննարկվել է նաեւ ԵԱԸ հնարավոր համագործակցությունը ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի, ԵՖԸ, Եվրոպական միացյալ (հարավային) աստղադիտարանի եւ Եվրոպական տիեզերական գործակալության հետ: Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 24 երկրների աստղագիտական ընկերություններ, սակայն անդամների թվում են աստղագետներ եվրոպական բոլոր եւ մի շարք այլ երկրներից: ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 18 աստղագետ, 2007-ին Երեւանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն երբեւէ Հայաստանում անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ