News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԳԱԱ նախագահությունում փետրվարի 8-ին, կայացել են Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրենի ընտրությունները։ Այդ պաշտոնում 2 տարով վերընտրվել է Հայկ Հարությունյանը, ով աստղադիտարանի տնօրենն է 2004 թվականից: Մյուս թեկնածուն «Գալակտիկա» ՓԲԸ տնօրեն Արա Միրզոյանն էր, սակայն 15 քվեարկողներից 14-ը ձայները տվել են Հայկ Հարությունյանի օգտին, եւ մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Քանի որ ԲԱ տնօրենի ընտրությունների հետ կապված մի շարք տարատեսակ հրապարակումներ եւ համացանցային տեղեկություններ են տարածվել, հիշեցնենք, որ տնօրենի ընտրություններն իրականացվում են ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից` ինստիտուտի եւ բաժանմունքի ժողովներում առաջադրված թեկնածուների քննարկումներից հետո: Այդ ժողովներում տեղի է ունենում ոչ թե ընտրություն, այլ քվեարկության միջոցով թեկնածուների վերաբերյալ կարծիքի արտահայտում: Համապատասխան ժողովները տեղի էին ունեցել հունվարի 31-ին Բյուրականում, որտեղ մեծամասնության հավանությանն էր արժանացել Արա Միրզոյանը եւ փետրվարի 6-ին Ակադեմիայում, որտեղ միաձայն հավանության էր արժանացել Հայկ Հարությունյանը:

Հարությունյանը ծնվել է 1951թ., 1973-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը «աստղաֆիզիկա» մասնագիտությամբ եւ նույն թվականից աշխատում է ԲԱ-ում: 1981-ին պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի թեզ: 1986-ից ավագ գիտաշխատող է, 1999-ից՝ առաջատար գիտաշխատող: 1986-1993 եւ 1994-2000-ին՝ ԲԱ փոխտնօրենն էր, 1993-1994-ին՝ տնօրենի պաշտոնակատարը, 2004-ից՝ տնօրենը: Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի անդամ է, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտության դասավանդում» հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում: Երկար տարիներ դասախոսում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: ՄԱՄ, Եվրոպական եւ Հայկական աստղագիտական ընկերությունների, ԲԱ գիտական եւ մասնագիտական խորհուրդների անդամ է, «Աստղաֆիզիկա» եւ «Գիտության աշխարհում» հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ: Գիտական աշխատանքները վերաբերում են ճառագայթման տեղափոխման տեսությանը, այլընտրանքային տիեզերաբանությանը եւ տիեզերական օբյեկտների ակտիվության ու էվոլյուցիայի կապի խնդիրներին: 54 գիտական աշխատանքների հեղինակ է, խմբագրել է մի քանի մենագրություն:

Տպել
Ամենաշատ