Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի շարունակությունը: Սկիզբը կարդացեք ԱՅՍՏԵՂ.

ՍՄ- Լավ, վերադառնանք «Հարսնաքարի» դեպքին: Որքան հայտնի է, ռեստորանի աշխատակիցներն են ծեծի ենթարկել հինգ ռազմական բժիշկներին, ինչը ստիպում է կասկածի առնել ռեստորանի աշխատակազմի քաղաքականությունը: Դուք ինչպե՞ս եք նման մարդկանց աշխատանքի ընդունում:

ՌՀ- Ես չեմ աշխատանքի ընդունում:

ՍՄ- Իսկ ո՞վ:

ՌՀ- Այս պահին, երբ ձեզ հետ խոսում եմ, իմ տարբեր հիմնարկներում մոտ հիսուն աշխատողի կարիք ունենք: Մենք հայտարարություն ենք տալիս, մարդիկ արձագանքում են, նրանց հրավիրում ենք հարցազրույցի եւ ընտրում ենք:

ՍՄ- Ո՞վ է հարցազրույց անցկացնում:

ՌՀ- Տնօրենը:

ՍՄ- Իսկ կոնկրետ «Հարսնաքարի» դեպքում ո՞վ է մարդկանց աշխատանքի վերցրել:

ՌՀ- Տնօրենը:

ՍՄ- Ո՞վ է տնօրենը:

ՌՀ- Հրաչ Զոհրաբյանը:

ՍՄ- Դո՞ւք եք նրան աշխատանքի ընդունել որպես տնօրեն, թե՞ ձեր հայրը:

ՌՀ- Հայրս:

ՍՄ- Ինչի՞ հիման վրա է ձեր հայրը նրան տնօրեն նշանակել: Ինչ-որ չափանիշների վրա հիմնվելո՞վ, թե՞ ծանոթ-բարեկամ սկզբունքով:

ՌՀ- Նրան վաղուց էինք ճանաչում, նա վաղուց աշխատում էր այդ համակարգում… Կիեւում … նորմալ անձնավորություն է:

ՍՄ- Դուք գիտե՞ք, թե ինչ չափանիշների հիման վրա է Հրաչ Զոհրաբյանը «Հարսնաքարում» աշխատողներին ընտրել:

ՌՀ- Չգիտեմ:

ՍՄ- Ծանոթ-բարեկամ սկզբունքո՞վ:

ՌՀ- Հնարավոր է:

ՍՄ- Արդյո՞ք այդ դժբախտ դեպքը ձեզ ստիպեց մտորել աշխատողների որակի շուրջ եւ այն մասին, որ նրանք պիտի իրենց ոլորտին համապատասխանող կրթություն ստացած լինեն՝ մատուցողներից սկսած:

ՌՀ- Պատկերացրեք՝ այո: Ես շատ կուզեի, որ մատուցողները կրթված լինեին: Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցի համար ես վեց մատուցողի ուղարկեցի Իտալիա վերապատրաստման՝ իմ հաշվին, բայց նրանք փախան, հետ չեկան:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ձեր աշխատողներին կրթելու ուղղությամբ ձեր ջանքերը մինչ օրս հաջողությամբ չե՞ն պսակվել: Գոնե մի հաջողված դեպք չկա՞:

ՌՀ- Ոչ: Հայաստանում մատուցողների հարցը շատ լուրջ խնդիր է: Նրանք սովորաբար շատ հեռու են այդ ոլորտից: Դուք լավ չեք ճանաչում մեր իրականությունը: Այստեղ մատուցողները …

ՍՄ- Ուզում եք ասել, որ եթե ձեր մատուցողներին ուղարկեք արտասահման՝ վերապատրաստվելու, կհրաժարվե՞ն:

ՌՀ- Այո, ես պատրաստ եմ ամեն ինչի համար վճարել, բայց նրանք հրաժարվում են սովորել: Կարող եմ ասել, թե ինչու: Մատուցողն օրական հարյուր դոլար թեյավճար է ստանում եւ եթե մեկնի վերապատրաստման, կզրկվի այդ հարյուր դոլարից: Բայց ամեն դեպքում նրանք չեն ուզում սովորել, հասկացեք դա: Մատուցողներն իսկական փորձանք են:

ՍՄ- Իսկ ձեր մենեջերնե՞րը:

ՌՀ- Մենեջերներս փայլուն են ու կրթված:

ՍՄ- Քանի՞ հոգի են:

ՌՀ- Երեք: Երեքն էլ բարձրագույն կրթություն ունեն:

ՍՄ- Ասացին, թե հունիսի տասնյոթի գործում մի մենեջեր է ներքաշված:

ՌՀ- Մենեջերներից ոչ մեկը կապ չունի այս գործի հետ:

ՍՄ- Այսինքն միայն մատուցողնե՞րն են ներքաշված: Այդ տասնհինգ ծեծողները, որոնց մասին խոսեցին, բոլորը մատուցողնե՞ր են:

ՌՀ- Տասնհինգ հոգի չի եղել:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ծեծին մասնակցել է ընդամենը այն վեց հոգին, որոնք այժմ ձերբակալվա՞ծ են, կամ էլ՝ յոթ հոգի, որովհետեւ մեկն այս ընթացքում ազատ է արձակվել:

ՌՀ- Սկզբում յոթ չի եղել, եղել է երեք հոգի, հետո դարձել է վեց:

ՍՄ- Տուժողների փաստաբանի խոսքերի համաձայն, յոթ հոգու են ձերբակալել: Հետո ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել:

ՌՀ- Սուտ է ասում:

ՍՄ- Ինչո՞ւ պիտի սուտ ասեր:

ՌՀ- Սկզբում երեք հոգու են ձերբակալել, հետո մեկին բաց են թողել, հետո չորս հոգու ձերբակալել են:

ՍՄ- Լավ, ամեն դեպքում, մեծ թիվ է: Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ձեր աշխատողներից առնվազն վեց հոգի իրեն այդպես է պահել:

ՌՀ- Դա սարսափելի, զզվելի, հրեշավոր բան է, որ արվել է հրեշների ձեռքով: Ինձ համար դա անհասկանալի է:

ՍՄ- Ամեն դեպքում ակնհայտ է, որ աշխատողների կառավարման շատ լուրջ խնդիր ունեք:

ՌՀ- Իհարկե, իհարկե: Ո՞վ է ասում, թե նման խնդիր չկա:

ՍՄ- Բայց սկզբում դուք հրաժարվում էիք ցանկացած պատասխանատվությունից:

ՌՀ- Բայց ես մենեջերը չեմ, ես սեփականատերն եմ: Դուք ամեն ինչ շփոթում եք: Ինձ լսեք. հինգ օր առաջ Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցի աշխատակիցներից մեկն իր աշխատանքը թողել էր, գնացել, նստել էր մոտորանավակ՝ այն մոտորանավակներից, որ փուչիկները քաշում են, ու ընկել էր, կողերը ջարդուփշուր էին եղել: Ե՞ս եմ մեղավոր դրա համար: Նա իր գործը թողել է, ինքն այդ ժամանակ ուրիշ գործով պիտի զբաղված լիներ: Ես էլ, Երեւանում նստած, ի՞նչ անեի: Պատկերացրեք, այդ տղան մահանար, էլի կասեին, թե իմ մեղքո՞վ է:

ՍՄ- Վերադառնանք «Հարսնաքարի» դեպքին: Հունիսի տասնյոթի այդ օրը դուք ինչպե՞ս իմացաք լուրը:

ՌՀ- Տնօրենն ինձ զանգեց: Այդ օրը եւ ռեստորանն էր աշխատում… երկու տեղ հարսանիք կար: Մենեջերը հարսանիքի տեղից իջնում է, իմանում է, որ կռիվ է եղել, ու զանգում է ինձ:

ՍՄ- Իսկ դուք ձեր տա՞նն էիք:

ՌՀ- Այո:

ՍՄ- Եվ ի՞նչ արեցիք:

ՌՀ- Ավելին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

ՍՄ- Գոնե միանգամից գնացի՞ք այնտեղ:

ՌՀ- Ինձ ուշադիր լսեք: Ես էլ ոչինչ չեմ ավելացնի, որովհետեւ դա կդիտվի որպես քննությանը խանգարելու փորձ: Պետք է հաշվի առնել, որ նախաքննության գաղտնիության խնդիր կա:

ՍՄ- Ամեն դեպքում պնդում եք, որ այնտեղ չեք եղել:

ՌՀ- Իրականում Աստծուն կաղաչեի այդ պահին այնտեղ եղած լինել: Այդ օրվա համար Աստծուն միայն մի բան կխնդրեի, որ նախապես տեղյակ լինեի, թե ինչ է կատարվելու կամ էլ տեղում լինեի: Եթե ես նախապես իմանայի կամ եթե ես տեղում լինեի, նման բան չէր լինի: Եթե ես իմանայի, որ այդտեղ կոնֆլիկտ կա, մարդիկ իրենց վատ են պահում, այս դեպքը չէր լինի: Աստծուն միայն դա կխնդրեի՝ որ ես իմանայի:

ՍՄ- Մարդիկ կասկած են հայտնել, թե առանց ձեր հավանության, ձեր աշխատակիցներն իրենց նման բան թույլ չէին տա: Ասում են, թե ձեզ զանգել են, ասել եք, « սատկացրեք »:

ՌՀ- Դրանք սուտ հերյուրանքներ են: Ամենածիծաղելին այն է, որ անգիր գիտեմ այդ վեցին եւ թե կռիվն ով է սարքել… վարորդը, որն իր կյանքում կռիվ արած չկա: Ու ինձ համար անհասկանալի է… Զավեշտի հասնող բաներ եմ մտածում … որ նրան կաշառել են: …Այդպիսի բան չկա, չի կարող լինել… Այ այդպիսի բաներ էի մտածում:

ՍՄ- Այսինքն մտածում էիք՝ ձեզ ծուղակը գցելու համա՞ր…

ՌՀ- Այո, նման մի բան… որովհետեւ կռիվը սկսվել է այն մարդուց, ով ամբողջ կյանքում հավի պես է ապրել… վարորդը, ընդամենը վարորդը:

ՍՄ- Ո՞ւմ վարորդը:

ՌՀ- Ռեստորանի մենեջերի… որ գնում են, ապրանք են առնում… վարորդը, ով իր կյանքում կռիվ չի արել:

ՍՄ- Ձեր կարծիքով, այն վեց հոգին, որոնք հիմա ձերբակալված են, իրական մեղավորնե՞րն են:

ՌՀ- Թույլ տվեք ձեզ չպատասխանել, որովհետեւ քննությունը դեռ ավարտված չէ: Հենց որ գործը հանձնեն դատարան, ես պատրաստ եմ ձեզ հետ մանրամասնորեն քննարկել այս գործը, որքան որ ցանկանաք… հիմնավորումներով: Հավատացեք ինձ, ես մի տղա ունեմ: Ես տղայիս արեւով եմ երդվում, որ եթե ես տեղյակ եմ եղել… Ձայնագրելու համար չեմ ասում… Կարող եմ ասել, որ իմ բոլոր հեռախոսազրույցներն ուսումնասիրվել են: Լեւոնական պատգամավորները նույնիսկ պահանջեցին… Իմ հեռախոսազրույցների ուսումնասիրությունը չապացուցեց, թե ես տեղյակ եմ եղել: Դրա համար էլ ձայնները կտրել են եւ արդեն ուրիշ բաներով են զբաղված: Դուք տեսաք, նախանցյալ օրն ասացին, որ այս ամենը Ռուբեն Հայրապետյանի դեմ չէ: Մարդիկ արդեն բացեիբաց կանգնում- ասում են: … Ոտնձգություն են անում իմ տան, իմ ընտանիքի հանդեպ: Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ: Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար (ծ.լ. ՌՀ-ն ակնարկում է օգոստոսի յոթի երթը, որը հասել եւ կանգ է առել Ավանում իր տան առջեւ):

ՍՄ- Լավ: Այդ դեպքից հետո ձեր հայրը կամ, չգիտեմ, տնօրենը …

ՌՀ- Դուք արդեն հարցաքննում եք ինձ:

ՍՄ- Հիմա հավաքույթ կա՞ ռեստորանում:

ՌՀ- Իհարկե ոչ, փակ է:

ՍՄ- Դեպքից հետո ռեստորանն այլեւս չի՞ աշխատում:

ՌՀ- Իհարկե ոչ:

ՍՄ- Նաեւ շատ խոսեցին այն մասին, որ Ավետյանի մահից երկու օր հետո դուք Սերժ Սարգսյանի հետ գնացել եք Ուկրաինա: Ճի՞շտ է, թե՞ չէ:

ՌՀ- Իհարկե ոչ: Ձեզ ավելին ասեմ. ես չեմ կարողանում նույնիսկ տնից դուրս գալ, մարդկանց աչքերի մեջ նայել: Ես ամաչում եմ մարդկանց հետ շփվել, որովհետեւ անմեղ դիակ են բերել…

ՍՄ- Այսինքն դուք Ուկրաինա չե՞ք գնացել, ինչպես որ ասում էին:

ՌՀ- Իհարկե ոչ:

ՍՄ- Իսկ Սերժ Սարգսյա՞նը:

ՌՀ- Սերժ Սարգսյանը գնացել է՝ պաշտոնապես: Ես նույնիսկ հրաժարվեցի իմ բոլոր գործուղումներից, որովհետեւ տնից դուրս չէի գալիս:

ՍՄ- Իմիջիայլոց, դուք զոհվածի ընտանիքի հետ կապ հաստատե՞լ եք:

ՌՀ- Ո՞ւմ ընտանիքի:

ՍՄ- Մահացածի:

ՌՀ- Ինչո՞ւ պիտի անեի դա: Թող դա անի նա, ով կապ ունի նրա մահվան հետ: Ես ի՞նչ կապ ունեմ այդ տղայի մահվան հետ, որ կապ հաստատեմ նրա ընտանիքի հետ: Ով որ արել է դա, թող նա էլ կապ հաստատի: Մի քանի սրիկա արել է դա, թող իրենք էլ պատասխան տան:

ՍՄ- Դուք ազդեցություն բանեցրե՞լ եք քննչական խմբի վրա, որպեսզի մի քանի օրով երկարացվի տուժողների փաստաբաններին հատկացված ժամանակը, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ քրեական գործին: Նախապես մեկ-երկու օր էր նախատեսված դրա համար:

ՌՀ- Ոչ: Անկեղծ ասած, ես նույնիսկ տեղյակ չեի: Գիտե՞ք, եթե ես հրաժարվել եմ իմ մանդատից, հենց դրա համար է, որ ինձ չմեղադրեն սրա կամ նրա վրա ճնշում բանեցնելու համար:

ՍՄ- Չէ, ես լավ իմաստով էի հարցնում:

ՌՀ- Ազնվորեն՝ տեղյակ չեմ:

ՍՄ- «Հարսնաքարի» այս դեպքը շատ է հիշեցնում «Առագաստ» սրճարանի դեպքը, որը Պողոս Պողոսյանի մահվան պատճառ դարձավ 2001-ի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը:

ՌՀ- Ինչո՞վ է նման: Ընդհանրապես նման չէ:

ՍՄ- Ինչո՞ւ: Ուզում եք ասել, որ այն ժամանակ իրոք թիկնապահներ էին ծեծողները, իսկ հիմա թիկնապահներ չե՞ն:

ՌՀ- Ոչ, ես էդպիսի բան չէի ասի:

ՍՄ- Այն ժամանակ ամբարտավանության պատմություն էր՝ « Բարեւ, Ռոբ », եւ մարդուն ջարդում են, այս անգամ էլ ես այդպես հասկացա, որ ամբարտավանության ինչ-որ պատմություն է, միգուցե… չգիտեմ… ինչ-որ կեցվածքի… Դա է՞լ չէ:

ՌՀ- Դուք խոսում եք՝ հիմնվելով նրա վրա, ինչ լսել եք, բայց ի տարբերություն ձեզ, ես եղել եմ այնտեղ: «Առագաստի» դեպքի օրը ես այնտեղ էի: Ես Պողոսյանից երկու մետր հեռու էի նստած՝ հարեւան սեղանին:

ՍՄ- Նրան ճանաչո՞ւմ էիք:

ՌՀ- Ոչ: Չորս հոգով նստած էինք կողքի սեղանի շուրջ՝ ես, լրագրող Սաթիկ Սեյրանյանը: Ամեն ինչ իմ աչքի առաջ եղավ: Ես չեմ ուզում դրա մասին խոսել կամ էլ որեւէ զուգահեռ անցկացնել ներկայիս դեպքի հետ: Ընդամենը ուզում եմ ասել, որ այս երկու դեպքերի միջեւ նմանություն չկա: Երկուսն էլ հրեշավոր դեպքեր են: Բայց դրանց դրդապատճառները լրիվ տարբեր են, եւ այդ երկու դեպքերն իրար բոլորովին նման չեն:

ՍՄ- Ենթադրենք, թե այդ երկու դեպքերն իրար հետ որեւէ առնչություն չունեն, այնուամենայնիվ, պիտի արձանագրենք, որ տասը տարվա տարբերությամբ երկու մարդ է վայրենաբար սպանվել առանց որեւէ պատճառի: Դա ինչ-որ շեղման մասին չի՞ վկայում:

ՌՀ- Ասեմ ձեզ. սարսափելի, աններելի բան է տեղի ունեցել, որի համար մեծ ցավ եմ ապրել ու մինչ օրս էլ չգիտեմ՝ ինչ անել: Ես չեմ փորձում արդարանալ ժողովրդի առաջ: Կարող եմ նույնիսկ ասել, որ այսօր առաջին անգամն է, որ լրագրողի հետ խոսում եմ դրա մասին: Ես մինչ այժմ լռել եմ, որովհետեւ սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը դիտավորյալ կերպով քաղաքականացրել են եւ արհեստականորեն կապել իմ անձի հետ՝ այն աստիճան, որ ինձ ուղղակիորեն մեղադրել են սպանության համար, ինչն անընդունելի է, երբ արվում է առանց գործը քննելու եւ բոլոր հանգամանքները պարզելու: «Անմեղության կանխավարկած» հասկացողություն գոյություն ունի: Մի քանի սրիկա, ստոր մարդիկ իրենց քննիչի, դատախազի, դատավորի տեղ դրեցին ու մի օրվա ընթացքում ինձ դատապարտեցին: Նման բան Ստալինի կամ Հիտլերի ժամանակներում էին անում: Տեղնուտեղը որոշում էին ու մարդուն մեղադրանք էին առաջադրում: Քննությունը կավարտվի, ազգային ժողովը կսկսի իր գործունեությունը, ես իրավունք ունեմ հենց առաջին օրը ելույթ ունենալու. այդ ժամանակ ես կխոսեմ ու ամեն ինչ կասեմ: Այո, ես գտնում եմ, որ շատ վատ բան է տեղի ունեցել, որ կատարվել է անթույլատրելի արարք, որ մեր երկրում կա մարդկանց մի խումբ, որոնց թվում է, թե իրենք անպատժելի են: Բայց ես այդ խմբին չեմ պատկանում եւ չեմ էլ ցանկանում պատկանել: Փառք Աստծո, մեր նախագահը նույնիսկ իր մտերիմների համար անպատժելիություն չի հանդուրժում, կարող եմ հավատացնել ձեզ: Անհնար է, որ ես մի մազաչափ մեղք ունենայի ու հիմա ձեզ հետ զրուցելիս լինեի: Եթե ես այս գործում մի մազաչափ մեղք ունենայի, նախագահն ինձ արդեն ձերբակալած կլիներ: Հաստատ համոզված եղեք: Գիտե՞ք ինչ, փորձում են մեր երկրի վրա ցեխ շպրտել, բայց այդպես չէ: Ես ընդունում եմ, որ վատ բաներ կան, բայց ոչ անպատժելիություն: Այսօր ցանկացածը, ով մեղավոր է, պատժվում է: Այո, երկրում վատ մթնոլորտ կա, իրար չներելու, իրար չհանդուրժելու մթնոլորտ, բայց անպատժելիություն չկա: Նման բան չկա: Համոզված եղեք, որ մեղավորը պատասխան է տալու:

ՍՄ- Գուցե այս անգամ այդպես լինի, իսկ մինչեւ հիմա՞:

ՌՀ- Ոչ: Կարող ենք ասել, որ այս դեպքից առաջ էլ մեղավորները պատժվել են: Ու հետո էլ այդպես կլինի: Քանի դեռ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ է, այդպես կլինի:

ՍՄ- Եթե որոշ հեռավորությունից նայենք իրադարձություններին, ձեզ չի՞ թվում, որ Քոչարյանի նախագահությունից ի վեր երկիրը մի ուրիշ ուղով է գնացել:

ՌՀ- Ինչ-որ առումով համաձայն եմ ձեզ հետ: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում իրոք շատ անարդարություններ են եղել: Բայց եթե խորը ուսումնասիրենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, կտեսնենք, որ անպատժելիություն չկա:

ՍՄ- Ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի գործի շարունակողը չէ՞:

ՌՀ- Ոչ: Սերժ Սարգսյանն ինքն իր գործի շարունակողն է: Նա թույլ չի տա, որ իր կուսակցությունից ինչ-որ մեկն անպատիժ մնա: Ես համոզված եմ դրանում, ես դա երաշխավորում եմ եւ գլուխս կդնեմ ասածիս համար:

(…) Այս պահին ես անջատում եմ ձայնագրությունը, եւ զրույցը շարունակվում է առանց դրա, հետո նորից անդրադառնում ենք «Հարսնաքարի» դեպքին: ՌՀ-ն ասում է, որ երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքը, նա հետ կվերցնի իր մանդատը, մինչեւ դատավարության ավարտը, որից հետո նորից կհանձնի:

ՌՀ- Գոռում են՝ «Նեմեց, մարդասպան»: Ինչո՞ւ է գոռում… «Քննիչ» է, էնտեղ է եղել… «Տեսել է»: Ինչո՞ւ է գոռում՝ «մարդասպան»: Նրանք ո՞վ են, իրավունք ունե՞ն գոռալու: Ես Հայաստանի քաղաքացի եմ: Ես էլ իրավունք ունեմ պաշտպանվելու, չէ՞: Ինչո՞ւ են ինձ գոռում՝ «մարդասպան»: Իսկ եթե հետո պարզվի, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, եթե քննությունը պարզի, նրանք ի՞նչ են անելու:

ՍՄ- Դուք մի պահ ասացիք, որ այնպիսի տպավորություն ունեիք, թե փորձել են ձեզ ծուղակը գցել: Ենթադրենք, թե դա ճիշտ է: Ո՞վ կարող էր ցանկանալ ձեզ ծուղակը գցել:

ՌՀ- Նրանք, ովքեր իշխանության դեմ են: Դուք չե՞ք տեսնում, որ այս ամենն իմ անձի դեմ չի ուղղված …

ՍՄ- Այսինքն՝ դուք որպես համակարգի նմուշ…

ՌՀ- Չէ, համակարգի չէ:

ՍՄ- Վարչակարգի:

ՌՀ- Ոչ էլ վարչակարգի: Ինչո՞ւ վարչակարգի, ոչ թե՝ իշխանության:

ՍՄ- Բայց ինչո՞ւ ձեր միջոցով:

ՌՀ- Որովհետեւ ես եմ կանգնած եղել… դավաճան չեմ եղել: Փորձեք տեսնել, թե այդ ոհմակի արշավն իմ դեմ երբ սկսվեց, որովհետեւ նրանք ոհմակ են: Դուք այդ լրատվամիջոցներին ընդդիմադիր եք անվանում, իսկ ես անվանում եմ «ոհմակ»: Նրանք պատվերով դուրս եկան իմ դեմ այն ժամանակ, երբ ես չպաշտպանեցի ԼՏՊ-ի թեկնածությունը:

ՍՄ- Բայց դուք միակը չեք, ով նման դիրքորոշում է որդեգրել:

ՌՀ- Ինձ լավ լսեք. ես միակն եմ:

ՍՄ- Ոչ, դուք միակը չեք: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը կա, եւ այլն…

ՌՀ- Ես չեմ ուզում ուրիշների մասին խոսել: Ես միայն իմ մասին եմ խոսում: Թե ուրիշներն ինչ են արել, ինչ խաղեր են խաղացել, ինձ չի հետաքրքրում: Ով տարել է, ԼՏՊ-ին փող է տվել… Գրեք Բարգավաճի մասին, նա էլ է իշխանության կողմից եղել… ԼՏՊ-ն կամ իր թերթերը: (ծ.լ. Այստեղ ՌՀ-ն միտքն այնքան էլ հստակ չի արտահայտում, ինչը, ամենայն հավանականությամբ, շփոթմունքի մասին է վկայում): …Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա: Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում: Ավելի լավ է՝ դա ուսումնասիրեք, տեսեք՝ ովքեր են: Մարդկանց ավտոբուսով բերում են Աբովյանից, դատարկում են իմ տան դիմաց, որ գոռան՝ «Նեմեց՝ մարդասպան»:

ՍՄ- Ես նման բան չեմ տեսել:

ՌՀ- Ի՞նչ եք ասում, ես հո սուտ չե՞մ խոսում:

ՍՄ- Ես մասնակցել եմ օգոստոսի յոթի ցույցին եւ նման բան չեմ տեսել, եթե չհաշվենք այն, որ երթով անցանք ձեր տան առջեւով, մի վայրկյան կանգ առանք, հետո շարունակեցինք:

ՌՀ- Իսկ ինչո՞ւ կանգ առաք: Իմ տղան ու ընտանիքիս անդամներն ի՞նչ մեղք ունեն: Ինչո՞ւ կանգ առաք քաղաքապետի տան դիմաց եւ վախեցրիք հինգ անչափահաս երեխաներին: Դա ճի՞շտ է, դա ազնի՞վ է: Լավ, ես վատն եմ, համարում ենք՝ ես վատն եմ: Տունն ի՞նչ կապ ունի, ընտանիքի հանդե՞պ եք ոտնձգություն անում, ընտանիքի վրա՞ եք գնում, հայ ազգն արդեն այդքան ճիճուացա՞վ, ճիվաղացա՞վ: Ընտանիքն ի՞նչ կապ ունի: Լավ, ես վատն եմ, շատ վատն եմ, իմ երեխաներն ի՞նչ մեղավոր են: Քաղաքապետի երեխաներն ի՞նչ մեղավոր են: Մեծ երեխան տասներեք տարեկան է: Ասենք՝ քաղաքապետը վատն է: Մեծը տասներեք տարեկան է, փոքրը՝ երկու ամսական: Ի՞նչ մեղք ունեն՝ հինգ երեխա: Ինչո՞ւ: Ժողովրդավարությունը դա՞ է, ազատությունը, ճշմարտությունը դա՞ է: Գնում են՝ գոռալով. «Եկել ենք, ազատենք Ավանը»: Դուք ձեր աչքով տեսել եք՝ ովքեր են, քանի մարդ կար: Դուք գտնում եք՝ այդ մարդիկ ինքնաբո՞ւխ են եկել: Այդ դուք եք, որ, որպես լրագրող, մասնագիտական հետաքրքրությունից ելնելով գնացել եք: Բա ինչո՞ւ այդ ձնագունդը չի մեծանում:

ՍՄ- Դա ուրիշ պատմություն է:

ՌՀ- Ի՞նչ պատմություն:

ՍՄ- Դուք գիտե՞ք՝ ինչու:

ՌՀ- Իհարկե գիտեմ, իհարկե գիտեմ:

ՍՄ- Չմեկնաբանենք:

ՌՀ- Ինչո՞ւ: Ովքե՞ր են… Վարձու մարդիկ: Դուք իրոք կարծում եք, որ այս փոքրիկ Հայաստանում ես այն մարդն եմ, ով չգիտե՞, թե ով ում հետ է շփվել: Դեպքից հետո քառասունհինգ օր է անցել, կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞ք, թե ով ումից է պատվեր ստանում:

ՍՄ- Դուք իրոք համարում եք, որ քաղաքացիական շարժումները հեռվից կառավարվո՞ւմ են:

ՌՀ- Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի±նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լեւոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել: (ծ.լ., Գարեգին Չուգասզյանը եւ Հրանուշ Խառատյանը գլխավորում են « Վահե Ավետյան » հասարակական շարժման նախաձեռնող խումբը): Եթե ուզում եք գալ, խնդրեմ, եկեք: Թող այդ մարդիկ նայեն իրենց կենսագրության տասնվեց տարին: …Մարդ կա, իր կենսագրության տասնվեց տարին ինչո՞ւ է թաքուն պահում: Ու այդ մարդը պիտի գա իշխանությա՞ն… Ո՞վ չի հասկանում՝ սա ինչ է:

ՍՄ- Իսկ ինչպե՞ս եք բացատրում ԼՏՊ-ի եւ Քոչարյանի «մտերմությունը»:

ՌՀ- Ինչպե՞ս բացատրեմ: Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ ուզում են կործանել երկիրը: Դա մտերմություն չէ, նրանք միավորվել են, որ կործանեն երկիրը: Ո՞վ չի հասկանում… Գարեգին Չուգասզյանը, (ծ.լ. դժվար լսելի բառ) անմիջապես դեմքները բացեցին… իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են… ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են: Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում: Ամեն ինչ գիտեմ՝ հատ-հատ, օրերով: Ում միջոցով են փող վերցնում, լրիվ… Այդ դուք կարող եք չիմանալ, ես այն մարդը չեմ, որ չտիրապետեմ նման տեղեկությունների:

ՍՄ- Օրինակ՝ մի երիտասարդ կա՝ Դավիթ Սանասարյան: (ծ.լ., Դավիթ Սանասարյանը գլխավորում է « Պահանջում ենք պատժել « Հարսնաքարում » տեղի ունեցածի բոլոր մեղավորներին » հասարակական շարժման նախաձեռնող խումբը): Ես, որպես քաղաքացի, իրավունք ունե՞մ:

ՌՀ- Նա հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում… Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա:

ՍՄ- Ես դա չեմ լսել, բայց նա իրավունք չունի՞…

ՌՀ- Ի՞նչ իրավունք… Իհարկե չունի…

ՍՄ- … պայքարելու:

ՌՀ-…իրավունք ինձ մեղադրելու սպանության մեջ:

ՍՄ- Նա չի մեղադրում:

ՌՀ- Բա ի՞նչ է անում:

ՍՄ- Նա ասում է՝ մենք Ռուբեն Հայրապետյանի դեմ չենք, մենք ուզում ենք, որ արդար քննություն լինի:

ՌՀ- Իսկ ձեզ ո՞վ ասաց, թե քննությունն անարդար է:

ՍՄ- Դրա վերաբերյալ կասկածներ կան:

ՌՀ- Ի՞նչ կասկածներ: Իսկ եթե ասեմ, թե Դավիթ Սանասարյանի վերաբերյալ կասկածներ ունեմ, կարծում եմ, որ նա թուրքական լրտես է, պիտի հրապարակե՞մ դա: Ես իրավունք ունե՞մ դա հրապարակելու: Իրավունք ունե՞մ՝ գնամ, կանգնեմ Դավիթենց տան դիմաց ու ասեմ՝ «Դավիթ, կասկածում եմ»:

ՍՄ- Այդ կասկածների վերաբերյալ փաստաբանին հարցեր տվեցի: Խնդրեցի, որ նա օբյեկտիվորեն բացատրի, թե որն է կասկածների պատճառը, եւ նա ինձ բացատրեց: Բավականին տրամաբանական բաներ ասաց:

ՌՀ- Լսեք, լսեք, լսեք… այս ի՞նչ եք ասում: Փաստաբանի հետ երեւի նոր եք (ծ.լ. խոսել)… Երկու օր հետո… նույն օրը… հաջորդ օրը… Դավիթն ի՞նչ գիտի, որ գոռում է՝ «մարդասպան»: Դավիթը որտեղի՞ց գիտի, որ ես մարդասպան եմ, որ գոռում է՝ «մարդասպան»:

ՍՄ- Ես ունեմ Դավիթի հարցազրույցը: Ասում է՝ այդ մարդն ինձ չի հետաքրքրում, ինձ քննության արդարությունն է հետաքրքրում:

ՌՀ- Ապրեք: Շատ ճիշտ է ասում: Ո՞վ է ասում՝ ոչ: Ուրեմն թող գնան դատախազության դիմաց, քննիչի դիմաց կանգնեն, գոռան. «Արդարություն ենք պահանջում»: Ի՞նչ կապ ունի իմ տունը: ՍՄ- Հասկանում եմ: ՌՀ- Այո, ես էլ նրանց միանամ ու գնամ գոռամ, ասեմ՝ «Արդարություն»: Նորմա՞լ է: Բայց ի՞նչ կապ ունի… որ մարդու վրա միանգամից դնում ես մեղադրական եզրակացություն: Մեղադրել ես հանցագործության մեջ: Ես դա եմ ասում, հո չե՞մ ասում՝ իրավունք չունի: Ո՞վ է ասում, թե իրավունք չունի:

ՍՄ- Ես ինքս ողջունում եմ այդ տղաների գոյությունը:

ՌՀ- Լսեք, ես ազնվորեն որոշել էի այս մոմավառությանը միանալ իրենց: Միանում էի իրենց, ասեի… գոնե ինչ-ինչ… գալու էի, ասեի. «Լսեք, դուք ձեր հարազատների գերեզմանների տեղը չգիտեք էլ… բայց, այնուամենայնիվ, ես միանում եմ ձեզ, ես էլ եմ դատապարտում»: Բայց քսան օր առաջ խումբ են ստեղծել, թե ինձ պիտի սնանկացնեն: Դա ո՞նց հասկանանք: Ինչո՞ւ եք ուզում ինձ սնանկացնել: Ես ուզում եմ հասկանալ: Արդարությո՞ւն եք ուզում: Բայց ի՞նչ է նշանակում իրենց էդ ձեւը: Երվանդ Մանարյան… Լեւոնի շնիկն է: Բիձա, նորմալ մարդ է, տարիքն առել է… Մանարյանն է: Ասում է՝ «Նեմեցը մարդասպան է»: Ինչո՞ւ: Լեւոն ջան, դու որ սպանեցիր, գցեցիր Վանոյի վրա, Վանոն մինչեւ հիմա… Ի տարբերություն նրա, ես ինչ որ արել եմ իմ կյանքում… եղել է… բաներ եմ արել, վերցրել եմ ինձ վրա: Ասել եմ. «Ես եմ արել»: Այո, եղել է՝ ապտակել եմ, ասել եմ. «Ես արել եմ»: Այո, եղել է՝ վիրավորել եմ, ասել եմ. «Ես արել եմ»: Կամ՝ լավ եմ արել, կամ էլ, եթե սխալ եմ արել, ասել եմ՝ «կներեք»: Ես այդ մարդն եմ: Իսկ այն մյուսները, որոնց մասին ասում եք՝ հաստավզերը, ես նրանց նման չեմ: Եթե սխալ եմ անում, կանգնում եմ, հրապարակավ ներողություն եմ խնդրում: Ես դրանից երբեք չեմ խուսափել: Սխալ եմ արել… Մարդ եմ, չէ,՞ կարող եմ սխալվել, բազմիցս եղել է՝ սխալվել եմ, մամուլով հրապարակավ ներողություն եմ խնդրել: Ես չեմ թաքնվում ուրիշների նման՝ ուրիշների թիկունքում: Ի տարբերություն նրանց, եթե բան եմ ունենում անելու, բացեիբաց եմ անում: Այնինչ, Հրանուշ Խառատյանը… շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ… Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել… Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞: Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց: Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու: Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա: Հասկացեք, այդ դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, ուրեմն գնացեք ռեստորանի դիմաց, ոչ թե իմ տան առաջ: Տունս ի՞նչ կապ ունի: Տարոնի տունն ի՞նչ կապ ունի: Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ «Ամոթ Տարոնին»… Ասացինք. «Լավ, այս անգամ մոռանանք»: Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար: Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է: Ինչի՞ համար գան տանս վրա: Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի: Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ: Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն: (ծ.լ. Ձայնագրությունում խոտան կա): Ես խոստանում եմ՝ դրա դեմն առնելու եմ, մարդուն օրենքից դուրս մեղադրելու դեմն առնելու եմ: Ես կմեղադրվեմ, ես կդատապարտ(վ)եմ, դա խոստանում եմ, բայց պիտի մի հատ դաս լինի այն մարդուն, ով անօրինական ոտնձգություն է անում մարդու դեմ: Փորձում է իրեն օրենքից վեր դասել: Լինի դա լրագրող, լինի դա Դավիթը…

ՍՄ- Դուք անընդհատ պատժելուց եք խոսում: Ինչո՞ւ մամլո ասուլիս չեք հրավիրում եւ ասեք ձեր ասելիքը:

ՌՀ- Պատասխանեմ ձեզ. ինձ առաջին օրվանից մեղադրեցին սպանության համար: Ինչ էլ որ ասեի, կդիտվեր որպես նախաքննության վրա բանեցված ճնշում:

ՍՄ- Դուք նախընտրում եք լռել, քան թե …

ՌՀ- Ես կլռեմ, մինչեւ որ գործը դատարան հասնի: Դրանից հետո նոր կկարողանամ խոսել ամեն ինչի մասին ու մանրամասնորեն: Ես կսկսեմ խոսել, հենց որ նախաքննության փուլն ավարտվի, որովհետեւ եթե հիմա խոսեմ, կասեն, թե փորձում եմ ուղղորդել քննությունը:

ՍՄ- Կհամաձայնե՞ք, եթե մեկ նախադասությամբ, լեւոնական բառապաշարով ասենք, որ այս դեպքը քրեական վարչակարգին հատուկ դրսեւորում է:

ՌՀ- Չէ, ես համաձայն չեմ:

ՍՄ- Այսինքն սա սովորական դժբախտ պատահա՞ր է:

ՌՀ- Ոչ: Սա որոշ տգետ մարդկանց ցինիզմի, լկտիության եւ այլանդակ կեցվածքի հետեւանքն է: Դա ի՞նչ կապ ունի վարչակարգի եւ իշխանությունների հետ:

ՍՄ- Ուզում եք ասել, որ ոչ թե իշխանությունն է մեղավոր, այլ Հայաստանի հասարակությո՞ւնն է տգետ: ՌՀ- Այո, հասարակությունն է տգետ:

******

Այստեղ ավարտվեց ձայնագրությունը, բայց ոչ մեր զրույցը, որը շարունակվեց ձայնագրիչն անջատելուց հետո եւ որի ընթացքում ՌՀ-ն որոշ հետաքրքիր բաներ էլ ասաց, որոնց կարեւոր մասը ես արագորեն կարողացա նշել:

«Հարսնաքարի» մասին.

ՌՀ-ն ինձ ասաց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվել, որովհետեւ ձերբակալվածներից երկու-երեք հոգին այդտեղ չպիտի գտնվեին: Նրանք իրենց տեղում չէին, եւ ինքը չի հասկանում, թե ինչ գործ ունեին այդտեղ: Բացի այդ, ինձ նորից լսել տվեց, որ անձնակազմը երբեք բռնություն չէր կիրառի, եթե հաճախորդները չդրդեին՝ ակնարկելով, որ ամեն ինչ սկսվել է ռազմական բժիշկների պահվածքից: Հետո սկսեց խոսել ընդհանրապես հաճախորդների պահվածքի մասին, որը դժվարացնում է գործը: Ինձ ասաց, որ հյուրանոցում ու ռեստորանում աշխատող ցանկացած մարդ սկզբունքորեն փորձում է խուսափել խնդիրներից ու կռիվներից, այնպես որ, տրամաբանորեն, այն, ինչ եղավ, չպիտի լիներ, իսկ թե ինչպես եղավ, իր համար կատարելապես անհասկանալի է:

ԼՏՊ-ի մասին.

«Լեւոն, դու ես անպատժելիությունը մտցրել այս երկիր» -ասաց նա: «Քսան տարի շարունակ մենք շատ վատ համակարգում ենք ապրել եւ ուզում ենք, որ ամեն ինչ միանգամից փոխվի: Բայց մենք ամեն ինչ նրանցից ենք սովորել « (ծ.լ., ԼՏՊ-ից եւ ՀՀՇ-ից):  Նա բացատրում է, որ ԼՏՊ-ն է իր հետ կապի մեջ մտել նախ 2005-ին, ապա՝ 2007-ի օգոստոսի 21-ին, եւ որ ԼՏՊ-ն անձամբ երկու անգամ եկել է իր հետ հանդիպելու Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում, որ համոզի աջակցել 2007-2008 թթ-ի իր նախագահական ընտրարշավին: Հետո էլի է փորձել իրեն համոզել Դավիթ Մաթեւոսյանի շնորհիվ:

Պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին.

ՌՀ-ն ինձ ասում է, որ Ազգային ժողովի նստաշրջանի հենց սկզբում՝ սեպտեմբերի տասին կօգտագործի ելույթի իր իրավունքը եւ հետ կվերցնի մանդատը: Ասում է, որ պատգամավոր կմնա, մինչեւ դատական ընթացքի ավարտը, որից հետո միայն հրաժարական կտա:

Քոչարյանի մասին.

Քոչարյանը նրա մղձավանջն է: ՌՀ-ն նորից անդրադառնում է 2005-ին « Գրանդ Տոբակոյի իր փայաբաժնի վաճառքին եւ ընդունում է, որ Քոչարյանն էր իրեն ստիպել անելու դա: Նաեւ հիշեցնում է, որ իրեն ձերբակալել են 2001-ին (բայց մենք չզարգացրեցինք այդ թեման): Բարգավաճ Հայաստանի եւ ԼՏՊ-ի «դաշինքի» հետեւում նա տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը:

«Փողոցի տղայի» իր անցյալի մասին.

Նա ընդունում է, որ «չար», «կռվարար» տղա էր, բայց հերքում է, թե թաղամասի գողական տղաներից էր, հանցագործ, վատ տղա: Նա հերքում է իմ լսած այն պատմությունը, թե մի անգամ ինչ-որ մեկին դանակահարել է եւ դատվել է դրա համար: Նա հերքում է դա՝ միաժամանակ խոստովանելով, որ իրեն մի քանի անգամ ոստիկանություն են տարել, բայց դատ չի եղել:

Շրջապատի «բռնակալության» մասին.

ՌՀ-ն փիլիսոփայական մտքեր է արտահայտում այն մասին, որ իր պես մարդիկ սովորաբար դառնում են զոհն իրենց շրջապատի, որը խաղում է իրենց հեղինակության հետ. «Մենք շրջապատի գերին ենք»: Որպես օրինակ հիշում է հոր հորեղբոր թոռանը, որը բազմիցս օգտվել է իրենց ազգակցական կապից՝ անընդունելի պահվածք դրսեւորելով, շատ թանկ ընթրիք պատվիրելով ռեստորանում եւ հաշիվը չփակելով: Հիշում է, թե ինչպես է «Բելաջիոյի» տնօրենն իրեն զանգել, որովհետեւ հոր հորեղբոր թոռն անվճարունակ էր, եւ ինքն է փակել նրա հաշիվը: Այժմ ՌՀ-ն այդ մարդուն եւ նրա մորը ջնջել է իր կյանքից: Իմիջիայլոց, այդ մարդը հիմա բանտում է, իսկ ՌՀ-ն էլ ամեն ինչ արել է, որ նա առավելագույն պատիժ ստանա իր գործած վերջին հանցանքի համար:

Քաղաքական վարչակարգի մասին.

ՌՀ.-ն ասում է, որ պետք չէ ամեն ինչում իշխանություններին եւ վարչակարգին մեղադրել: Ասում է, որ անկախության քսան տարին կարճ ժամկետ է եւ ժամանակ է պետք, որ Հայաստանը փոխվի:

Իր բարեգործության մասին

Ասում է, որ Ավանի Ֆուտբոլի ակադեմիան եւ ֆուտբոլի դաշտերը, որ գտնվում են «Հարսնաքար» հյուրանոց-ռեստորանի հետեւում, կառուցվել են իր հողատարածքի վրա, եւ այդպես անելով՝ ինքը տասնհինգ հեկտար տարածք է նվիրել քաղաքապետարանին:

Հարցազրույցը վարեց Սեդա Մավյանը

Հայերեն վերաարձանագրեց` Նունե Ա.