Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առաջ այսօր` հոկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ին անց է կացվելու բողոքի ակցիա`  ընդդեմ նույնասեռականների իրավունքների պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրություններին: Բողոքի ակցիայի կազմակերպիչը «Հայազն» միությունն է: Ըստ նրանց տարածած հաղորդագրության` այն սերբական ֆիլմ է, արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: «Օտար պետության կողմից մեր կյանքին այս լկտի միջամտության նպատակը անբարոյության քարոզին դիվանագիտական պաշտպանություն հաղորդելն է: Նման փորձերը պետք է միանգամից կանխվեն»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Երեւանում Գերմանիայի դեսպանությունը եւ ԵՄ պատվիրակությունը ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել են Հովհաննես Թումանյանի անվան պետական թիկնիկային թատրոնի փոքր դահլիճում հոկտեմբերի 15-16-ին: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ֆիլմը գեղարվեստական ֆիլմ է եւ այն ցուցադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ-ի հետ, ըստ այդմ` թատրոնի ղեկավարությունը չի դրժի ֆիլմը ցուցադրելու իր խոստումը եւ պայմանագիրը, «եթե իհարկե վերեւից չստիպեն, որովհետեւ բոլոր դեպքերում պետական կառույցին ենթակա համակարգ են». «Վաղը մյուս օր կարող են ուրիշ ֆիլմ արգելել, Լուկինո Վիսկոնտիի, հետո Սերգեյ Փարաջանովի, ֆիլմերը արգելեն եւ այլն: Ես չեմ կարծում, որ այն հարցերը, որոնք վերաբերում են արվեստին, պետք է լուծվեն ցույցերով կամ նման ձեւի ակցիաներով: Կարծում եմ` պետք է դիտել այդ ֆիլմը, եւ հետո կազմակերպել քննարկում, որտեղ յուրաքանչյուրը իրավունք կունենա արտահայտել իր կարծիքը»,- ասաց նա:

Նա համաձայնեց ցուցադրել ֆիլմը, քանի որ այն հանդուրժողականություն է քարոզում, իսկ ինքը հանդուրժողականության կողմնակից է, եւ կարծում է, որ մեր հասարակությունը շատ է ագրեսիվացած, ինչը ժամանակ առ ժամանակ վատ հետեւանքների է բերում: «Parada» ֆիլմի ցուցադրության մեջ թատրոնի տնօրենը տեսնում է զուտ մշակութային միջացոռում եւ միշտ թատրոնը զերծ է պահել բոլոր քաղաքական միջոցառումներից: «Մենք հավաքագրվելու կարիք ունենք, ոչ թե իրար մերժելու»,- ասաց նա: Ռուբեն Բաբայանի խոսքով` այս ակցիայի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը այսօր պետության առջեւ ծառացած հիմնական խնդիրներից: »Չեմ կարծում, որ նույնասեռականների մասին ֆիլմը համար մեկ պրոբլեմն է մեր կյանքի, առավել եւս` այդ ֆիլմը դիտել կամ չդիտելու հարցը»,- ասաց նա` չնշելով, թե ովքեր են այս ակցիան ուղղորդողները: