Հայաստանի քաղաքաշինության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանին հունվարի 14-ին, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն վիրահատել են: Այս տեղեկությունը հաստատեցին  թե հիվանդանոցից, թե նրա մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ սրտի բաց վիրահատություն է արվել: Արդյոք քաղաքաշինության նախարարը նախկինում առողջական խնդիրներ ունեցել է, թե ոչ հարցին ի պատասխան նրա մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը նշեց, որ առողջական խնդիրներ ունեցել է այնքանով, որքանով ցանկացած մարդ ունի, այսինքն` «երբեմն ունենում ենք, երբեմն` չենք ունենում»: Նա նաեւ նշեց, որ նախարարի ինքնազգացողության վատացումը աշխատավայրում չի եղել:

Զանգահարեցինք Քաղաքաշինության նախարարի հեռախոսահամարին, պատասխանեց վարորդը: Նա նշեց, որ վիրահատությունը լավ է անցել, Սամվել Թադեւոսյանի վիճակը նորմալ է, դեռեւս Վերակենդանացման բաժանմունքում է, այսօր կտեղափոխեն պալատ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե  քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: