Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները մտածում են ստորագրահավաք սկսել արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որտեղ կքննարկեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը:

«Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հրապարակով ԲՀԿ-ին առաջարկել են ստորագրահավաք անել եւ արտահերթ նիստ հրավիրել: «Իրենք ասել են, որ սկզբունքորեն համաձայն են, բայց քայլերը ընթացքի մեջ են»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Իսկ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցով համակարծիք են «Բարեւ Երեւանի» հետ, որ ավագանու ինստիտուտները եւ անկախ մարմինները չպետք է անտեսվեին այդ գործընթացում: «Մենք այդ աշխատանքային գործընթացի մեջ արդեն բավականին աշխատանք կատարել ենք: Գործընթացի վերաբերյալ կատարում ենք ճշտումներ, որովհետեւ ի վերջո ավագանու անդամները հիմա հանգստի ռեժիմում են, կճշտենք, կհասկանանք` ինչն ինչոց է, բոլոր դեպքերում կարեւորում ենք ավագանու արտահերթ նիստի հրավիրմանը»,- ասաց նա:

Թամարա Պողոսյանը շեշտեց, որ հասարակական հնչեղություն ունեցող նման հարց պետք է քննարկվեր ավագանու մակարդակով եւ կոլեգիալ որոշում կայացվեր, եւ ավագանին պարտավոր էր իր պատասխանատվությունը վերցնել, գործընթացը չէր կարող այս բոլոր մարմինների կողմից շրջանցվեր: «Այժմ մենք պարտավոր ենք թեկուզ  հետին թվով այդ վերլուծությունները կատարել եւ մեր լիազորությունների շրջանակներում այս գործընթացը բերել իրավական դաշտի պահանջներին համապատասխան, եւ ավագանու լիազորությունների շրջանակներում մենք ամեն ինչ անելու ենք»,- ասաց Թամարա Պողոսյանը: