Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 8-ին ջրահեղձված 28-ամյա Դ.Մ.-ն դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանք գիշերները դադարեցվում են, քանի որ արդյունավետ չեն: Դեսպանն ասաց, որ անընդհատ կապի մեջ է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի, երիտասարդի հարազատների եւ փրկարարական ծառայության ղեկավարության հետ, եւ իրավիճակը պահում են հսկողության տակ:
Դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ Դ.Մ.-ն կնոջ եւ երեխայի հետ եկել էր Բաթումի` հանգստանալու, ապրում էին վարձով բնակարանում: «Ոչ կինը, ոչ ինքը լողալ չեն իմացել, երկուսով մտել են, խեղդվելիս են եղել: Կինը կարողացել է փրկվել՝ ամուսնու օգնությամբ, իսկ ամուսինը խեղդվել է: Այդտեղ տարածքում կարմիր դրոշակներ կային, որ պետք է զգույշ լինել կամ ցանկալի չէ լողալ»,- փոխանցեց դեսպանը:
Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ծովը վերջին օրերին անհանգիստ է, պետք է զգույշ լինել: Նա մեկ անգամ եւս կոչ արեց Վրաստանում հանգստացող հայերին առանց լողալ իմանալու, գինովցած վիճակում չմտնել ծովը, չլողալ արգելված վայրերում, պահպանել անվտանգության կանոնները, քանի որ հիմնականում դժբախտ պատահարները հենց անզգուշության հետեւանք են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում, սեպտեմբերի 8-ի կեսգիշերին, ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հետագայում պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Դ. Մ.-ն է:




























