News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա Շառոյան Սամվելի հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը` անդրադառնալով խմբակցության անդամներից Սամվել Շառոյանի մասին հրապարակումներին եւ նրանից բացատրություններ պահանջելուն:

Նա նշեց, որ Սամվել Շառոյանը գալիս է ավագանու, խմբակցության նիստերին, աշխատում է, ոչ մի խնդիր չկա նրա հետ կապված: «Ես խնդիր չունեմ իր հետ, դա իր անձնական հարցերն է, ես իր անձնական գործերի մեջ չեմ ուզում խառնվել, ասացի` ԴԱՀԿ ներկայացել ես, ասաց` այո, գնացել եմ, ներկայացել եմ, ոչ մի խնդիր չկա, այնպես որ ես ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում: Ինքն ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իմ անձնական խնդիրն է, ես իմ խնդիրը կլուծեմ քաղաքացու հետ, կարեւորը ինքը քաղաքում է եւ թող պատասխան տա, բայց չեմ կարծում, որ ինքը խաբած լիներ»,- ասաց Թամարա Պողոսյանը: 

Խմբակցության ղեկավարը հավատում է ավագանու անդամին, եւ չի կարծում, թե նա ստվերում է խմբակցության եւ կուսակցության անունը:

Ի դեպ, ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը ասել էր. «Ես համարում եմ, որ այս հարցերը պարզաբանման կարիք ունեն, փաստն այն է, որ կան որոշումները: Ես հանձնարարել եմ ինչ-որ ձեւով իրեն գտնել, ասել, որ ինձ հետ կապի մեջ դուրս գա, որովհետեւ որպես խմբակցության ղեկավար` պարտավոր եմ իր հետ զրուցել, ճշտել, լսել իր հիմնավորումներն ու մեկնաբանությունները: Դրանք քաղաքացիական փոխհարաբերություններ են, բայց այդ հարցի բարոյական կողմն է ինձ համար ավելի բարձր, քան նրանց փոխհարաբերությունները: Տվյալ պահին հանձնարարել եմ ավագանու մյուս անդամներին, որ ով կարող է տեղեկություն ստանալ, որպեսզի կարողանամ կապ հաստատել: Որպես ավագանու անդամ` ինձ համար դա ունի բարոյական պատասխանատվության խնդիր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի նկատմամբ  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզում է հայտարարել:

Բանն այն է, որ քաղաքացի Գեւորգ Թումասյանի եւ Սամվել Շառոյանի միջեւ 2009թ պարտավորագիր է ստորագրվել, ըստ որի`  Սամվել Շառոյանը իրենից պարտքով վերցրել է 10 միլիոն դրամ եւ պարտավորվել չվերադարձնելու դեպքում իրեն պատկանող թռչնանոցը տալ: Պարտքի վերաբերյալ են պայմանագիր կնքել, քանի որ թռչնանոցը պետական գրանցում չուներ, սակայն այդպես էլ ոչ գումարը, ոչ թռչնանոցը քաղաքացին չի ստացել: Դրանից հետո սկսվել է դատական գործընթացը, որը տեւել է տարիներ: Դատարանը վճռել է, որ Սամվել Շառոյանը պետք է վերադարձնի քաղաքացու պարտքը, սակայն որոշումը ուժի մեջ մտնելուն պես, Գեւորգ Թումասյանի փոխանցմամբ, նա օտարել է իր գույքը. նվիրատվություն է արել ուրիշներին, որպեսզի խուսափի գումարը վճարելուց:  Եւ երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գնացել է գումարը պահանջելու, նա միանգամից  դուրս է եկել տան գրանցումից եւ ասել, որ ոչինչ չունի, միայն հագուստն է: Գեւորգ Թումասյանը «ոչ գումարի, ոչ թռչնանոցի տերն է»: «Սամվել Շառոյանն էլ խուսափում է թռչնանոցը պետական գրանցել, քանի որ ԴԱՀԿ-ն միանգամից այն կվերցնի:

ԴԱՀԿ որոշում էր կայացրել, որի մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, հետեւաբար` որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Ավելի ուշ Սամվել Շառոյանը ներկայացել է, ԴԱՀԿ-ն դատարանի որոշմամբ կալանքի տակ է վերցրել թռչնանոցը, որպեսզի վերջինս որեւէ իրավական գործընթաց չանի գույքի հետ։ 

Տպել
Ամենաշատ