Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը խնդրել է դատախազին աշխատանքից ազատել իրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Կարեն Շահբազյանը:
Նա նշեց, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է; «Իմ կամքով եմ դիմում գրել, առողջական վիճակից ելնելով՝ խնդրել եմ գլխավոր դատախազին ինձ աշխատանքից ազատել: Ինձ ոչ ոք չի ստիպել հրաժարական տալ, ես եմ խնդրել գլխավոր դատախազին: Համենայն դեպս, շնորհակալ եմ գլխավոր դատախազից, որ ընդառաջեց»,- ասաց նախկին դատախազը:
Նա շեշտեց, որ ավելի քան 20 տարի աշխատել է, արդեն հոգնել է: Դեռ հայտնի չէ՝ նախկին դատախազը կգնա արտերկրում բուժվի, թե Հայաստանում, այժմ հետազոտություններ է անցնում:
Առայժմ նախկին դատախազը մտադիր է հանգստանալ եւ զբաղվել առողջական խնդիրներով, իսկ հետագա աշխատանքի մասին չի մտածում. «Ով կարա իր ապագան կանխագուշակի, ես կանխագուշակություններով երբեք չեմ զբաղվել»: Թե ում են նշանակելու նրա փոխարեն, նախկին դատախազն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում թեկնածուներ առաջարկել:
Իսկ թե ինչու էր ավելի վաղ հերքում աշխատանքից ազատվելու մասին լուրերը, Կարեն Շահբազյանը մեկնաբանեց, որ դեռ այն ժամանակ դիմում չէր գրել, եւ քանի դեռ ոչինչ չկար, չէր ցանկանում որեւէ բան ասել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Տեւական ժամանակ է, ինչ նրա պաշտոնանկության մասին լուրերը շրջանառվում էին լրատվամիջոցներում, սակայն վերջինս չէր ցանկանում մեկնաբանել դրանք:





























