ORC ընկերության եւ CNN-ի համատեղ հարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրություններին հավանական թեկնածուների շարքում առաջատարն են ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին:
Հաղորդվում է, որ Քլինթոնը եւ Քրիստին դեռ չեն հայտարարել 2016թ. նոյեմբերին նախագահ առաջադրվելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, Քլինթոնը առաջ է անցնում Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցության թեկնածուներից, բացառությամբ Քրիստիի:
Ըստ ԱՄՆ-ում գրանցված 950 ընտրողների շրջանում անցկացված հարցման տվյալների` Քրիստի-Քլինթոն զույգի դեպքում հանրապետական թեկնածուն կարող է հավաքել 48% ձայն, իսկ նախկին պետքարտուղար դեմոկրատը` 46%: Քրիստին առաջատարն է երկրի անկուսակցական ընտրողների եւ տղամարդկանց շարքում, իսկ Քլինթոնը Քրիստիից առաջ է անցնում կին ընտրողների շարքում: Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 16-19-ին:
Սոցիոլոգները նախազգուշացրել էին, որ ընտրություններից երեք տարի առաջ ԱՄՆ-ի ապագա նախագահի անունը գուշակելն անհնար է, եւ հարցումն արտացոլում է միայն ընտրողների ներկայիս նախընտրությունները: Քլինթոնը հասարակական կարծիքի առաջատարն էր դեռ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ էլ: Սակայն նա դեմոկրատների անվանակարգում պարտվել էր ապագա նախագահ Բարաք Օբամային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























