Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի միջադեպի վերաբերյալ: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ հունվարի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստեց մեքենա եւ գնաց:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն եւ նրան պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, ինչպես եւ ավտոմեքենայի ուղեւորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն եւ 1985 թ. ծնված Դ. Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ եւ կաթուցիչ (պիպետկա), որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում, հունվարի 11-ին, Գնունի շինանյութի շուկայում վաճառողի եւ հաճախորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել էր թեժ ծեծկռտուքի:
NEWS.am-ի տեղեկություններով` հաճախորդը եղել էր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթը: Մեզ հայտնի էր դարձել, որ Դավիթի «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենայի միջից թմրանյութ է հայտնաբերվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























