Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիից՝ վերջինիս հասցեին հնչեցրած քննադատության համար: Նախարարի գրասենյակը պետքարտուղարին համապատասխան հաղորդագրություն է ուղարկել:
«Իսրայելն ու ԱՄՆ-ն պետքարտուղար Ջոն Քերրիի ղեկավարությամբ համագործակցում են պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների առաջխաղացման նպատակով: Մենք գնահատում ենք պետքարտուղարի ջանքերը: Պաշտպանության նախարարը ոչ մի կերպ չի ցանկացել վիրավորել պետքարտուղարին: Իսկ եթե այդ խոսքերը վիրավորել են, ապա նախարարը ներողություն է խնդրում», հայտնում է 9tv.co.il-ը:
Յաալոնի շուրջ սկանդալը ծագել էր Իսրայելի լրատվամիջոցներում փակ հանդիպումների նրա ելույթներից մեջբերումներ հրապարակելուց հետո, որտեղ նա քննադատել էր Քերրիի համառությունը եւ Իսրայելի վրա ճնշում գործադրելու ամերիկյան քաղաքականությունը:
Նախարարն ասել էր, որ Քերրիի մշակած ծրագիրը «այն թուղթն էլ չարժի, որի վրա գրված է», իսկ պետքարտուղարին անվանել էր «միամիտ եւ ձանձրացնող»: Ըստ նախարարի՝ Քերրին գործում է այլ նկատառումներից ելնելով: «Պետքարտուղարը համակված է կպչուն գաղափարներով եւ առաքյալի զգացմունքներով: Ախր ի՞նչ կարող է նա ինձ սովորեցնել պաղեստինցիների հետ հարաբերությունների բնագավառում: Հուսով եմ՝ նա ստացել է խաղաղության իր Նոբելյան մրցանակը եւ մեզ հանգիստ կթողնի»:





























