Գյումրիում ոստիկանների եւ բժշկի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակներում դատախազությունը հետ է վերցրել իր վերաքննիչ բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի կարգավիճակում գտնվող բժիշկ Վահագն Մադոյանի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:

Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանը՝ կալանքը՝ գրավով փոխարինելու մասին որոշումը, քանի որ համարում է, որ գրավը անթույլատրելի է, Վահագն Մադոյանը կարող է դիմել փախուստի, խոչընդոտել նախաքննությանը: Այժմ, փաստաբանի փոխանցմամբ, դատախազությունը գտել է, որ մինչ իր բողոքի քննվի, կանցնի մեկ ամիս եւ արդեն իմաստ չի ունենա դրա քննությունը, այդ նպատակով ետ է վերցրել իր բողոքը: Թամարա Յայլոյանը նշեց, որ գործի շրջանակներում որեւէ նորություն չկա, մինչ օրս բժիշկ Մադոյանի հետ որեւէ գործողություն չի արվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ, 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Վահագն Մադոյանը կալանավորվել էր, բայց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել: