Նվազագույնը 28 մարդ է վիրավորվել երկու պայթյունների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Թաիլանդում հակակառավարական ելույթների ժամանակ:
«28 մարդ է տուժել «Հաղթանակի» հուշարձանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով»,- ասել է Թաիլանդի առողջապահության նախարար Սուֆան Սրիտաման: Այս ահաբեկչությունը վերջինն է Բանգկոկում ավելի քան երկու ամիս շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ բռնության դեպքերի շարքում: Ցույցերի մասնակիցները պայքարում են Յինգլակ Չինավաթի գործող կառավարության հրաժարականի համար, հաղորդում է BFM.RU-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Հունվարի 17-ին նռնակի պայթյունի հետեւանքով ցուցարարներից մեկը մահացել էր, եւս 35-ը վնասվածք էինն ստացել: Հունվարի 18-ին անհայտ անձը կրակ էր արձակել ցուցարարների վրա, մեկ մարդ վնասվածք էր ստացել:





























