Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ցույցերի ընթացքում տուժել է ինը եւ սպանվել մեկ մարդ: Տեղի լրատվական գործակալությունները հայտնում են, որ միջադեպը տեղի էր ունեցել, երբ ընդդիմությունը փորձել էր տապալել խորհրդարանական ընտրությունները: Նշվում է, որ ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ սպանվել է ցուցարարների առաջնորդ Սութհին Տարատինը:
Հունվարի 26-ի արտահերթ քվեարկության ժամանակ ցուցարարները խափանել էին հանձնաժողովների աշխատանքը 375 ընտրատեղամասերից 89-ում: Կիրակի օրը 440 հազար մարդ չէր կարողացել քվեարկել: Դա 2 միլիոն ընտրողների 22 տոկոսն է:
Թաիլանդում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգել կես տարով` երկրում ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու համար: Նման առաջարկությամբ է հանդես եկել Թաիլանդի ԿԸՀ-ն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ԿԸՀ-ի պաշտոնական ներկայացուցչի` կես տարի ժամկետը ողջամիտ է, քանի որ մի կողմից այնքան էլ երկար հետաձգում չէ, կառավարությունը ժամանակավոր կարգավիճակում կլինի եւ սահմանափակ լիազորություններ կունենա, մյուս կողմից էլ վեցամսյա ժամկետը պետք է բավարարի ներքին ճգնաժամը հաղթահարելու համար:
Այս առաջարկը քննարկվելու է ԿԸՀ-ի եւ Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատի` հունվարի 28-ի հանդիպմանը:




























