Հունվարի 22-ին լույս 23-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Մայիս Խաչատրյանն, իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ դաժան ծեծի է ենթարկել «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը՝ հավելելով, որ ոչ Մայիս Խաչատրյանն է հայտնաբերվել, ոչ էլ նրա զոհ Վիտալիկ Մեսրոպյանը:
Նա հիշեցրեց, որ Մայիս Խաչատրյանը դեռ 2004թ-ին իր հորեղբոր որդու՝ Էյներ Խաչատրյանի հետ, առանձնակի դաժանությամբ բազմակի դանակի հարվածներով սպանել են Գորիս քաղաքացի, երեք անչափահաս երեխաների հայր Հովհաննես Բադալյանին:
Հարցին, թե որն է եղել վերջին միջադեպի պատճառը, նա պատասխանեց. «Ոչ Լիսկայի, ոչ էլ իր գերդաստանի համար պատճառ պետք չէ: Ինձ թվում է, որ նմանների մասին է Պարույր Սեւակը ժամանակին ասել, որոնց բութ գլխի կեղտոտ փրչերում, եթե խլվլում, շարժվում է մի բան, ապա մարդկային միտքը չէ, օ ոչ, այլ միայն ոճիր: Է ձեռքերը քոր են գալիս, արյունարբու են: Դրանք, որ մի օր արյուն չթափեն չեն հանգստանում: Ես գտնում եմ, որ այդ գերդաստանի արական սեռի անդամների եւ նաեւ իգական սեռի անդամների առնվազն մի մասի մեջ պարզապես եռում է արյունարբուի, ոճրագործի լիսկայական բնազդը: Այդ գերդաստանի համար պետք է մի առանձին կալանավայր ստեղծվի եւ վստահ եմ, որ իշխանափոխության դեպքում այդպես էլ կլինի: Հանրահայտ է, որ նրանք խիստ վտանգավոր են, ոչ միայն ազատության մեջ գտնվող բնակչության, այլեւ կալանավորների համար»,- ավելացրեց Սամվել Հարությունյանը:




























