Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենգորյանը աշխատանքից ազատվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Վահրամ Ենգորյանը:

Նրա պաշտոնանկությունը կապվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի վերջին «դեբոշների» հետ: Հենց դրանից հետո Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, ինչպես նաեւ այցելեց մարզ՝ հրավիրելով խորհրդակցություն, ներկայացնելով նոր ոստիկանապետին եւ հանդես գալով կոշտ գնահատականներով:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին, ավելի ուշ դրանք արդեն հայտնվել են համացանցում:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանը ներգրավվել էր որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:

Մանրամասները՝ առաջիկայում