Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի որդուն՝ Էմին Գրիգորյանին, որն անցած տարվա հունիսի 2-ի վաղ առավոտյան, վարելով իր Volkswagen մակնիշի 51 TN 111 պետհամարանիշի ավտոմեքենան՝ վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով նրա մեքենայի ուղեւոր, 22-ամյա Կարեն Ղազարյանը մահացել էր, ամենաբարձր պատիժն են տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմինի հայրը:

«Կարենի ծնողների պատկերացմամբ՝ եթե ես զինկոմ եմ, ուրեմն իմ տղան պիտի հինգ տարի նստի, ուրեմն ես մեղավոր եմ, որ պատերազմ գնացի, ես մեղավոր եմ, որ Կապանի զինկոմն եմ, ես մեղավոր եմ»,- ասաց Լեոնիդ Գրիգորյանը:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին կայացած նիստի ժամանակ Էմինը դատապարտվեց ազատազրկման երկու տարի ժամկետով, ինչպես նաեւ երկու տարով զրկվեց վարորդական իրավունքից:

Վթարի ենթարկված երիտասարդները մտերիմ ընկերներ են եղել, դեպքի օրը վերադառնում էին գիշերային ակումբից: Կարենի հայրը NEWS.am-ին ասել էր, որ վթարից հետո Էմինը դիմել էր փախուստի, մինչդեռ Էմինի հայրը հակառակն է պնդում:

«Անհնար ա, որ իմ տղան ընկերոջը թողներ ու փախներ: Ոստիկանները ու շտապօգնության աշխատակիցները տեսել են Էմինին: Ինքն ուղղակի Կարենի հոր աչքին չի երեւացել: Գնար ու ի՞նչ ասեր՝ Սերժիկ ձյաձյա, Կարենը մահացել ա՞»:

Լեոնիդ Գրիգորյանի պատմելով՝ ինքն է որդուն առավոտյան տարել ոստիկանական բաժանմունք. «Երբ եկա դեպքի վայր, իմ տղային մի ամուր ապտակ եմ հասցրել, հետո իջել եմ Սերժիկենց հայաթ, ինքն էլ եկավ ինձ գրկեց ու ասաց, որ հիմա դեպք ա պատահել ա, կարային երկուսն էլ մահանային, խնդրում եմ բան չասես Էմինին, ինքը մեղավոր չի»:

Էմինի հայրը խոստովանում է, որ երբեք էլ կողմ չի եղել որդու եւ Կարենի մտերմությանը, որդուն միշտ արգելել է ընկերություն անել Կարենի հետ:

«Իրանց մտերմությամբ մեզ քաշեցին, ես չեմ ներում իմ տղային, որ Կորժիկի տղայի հետ ընկերություն ա արել»,- ասաց Լեոնիդ Գրիգորյանը՝ նշելով, որ Կարենի հորը՝ Սերգեյ Ղազարյանին Կապանում ճանաչում են «Կորժիկ» անունով:

Էմինն այս պահին տանն է: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կձերբակալվի եւ կտեղափոխվի կալանավայր:

«Ես իմ տղային ասել են, արել ես, գնա պատասխան տուր: Ոչ մի բան չեմ խառնվել»,- ասաց Կապանի զինկոմը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել էր մայթեզրին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղևոր 22-ամյա Կարեն Ղազարյանը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ վարորդը Կապան քաղաքի բնակիչ 23-ամյա Էմին Գրիգորյանն է, որը բերման էր ենթարկվել ու տվել խոստովանական ցուցմունք: