Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունից հետո ընդունվել է անչափահասների էվթանազիայի մասին աղմկահարույց օրինագիծը: Կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 86 պատգամավորներ, դեմ` 44-ը, ձեռնպահ են մնացել 12-ը:
Օրինագիծը սահմանում է, որ էվթանազիան թույլատրվում է այն երեխաների նկատմամբ, որոնք «ունակ են ինքնուրույն որոշում կայացնել», եւ այն դեպքերում, երբ երեխան անբուժելի հիվանդ է, տառապում է ցավերից եւ բուժման հնարավորություն չկա: Որոշումը չի կարող ընդունվել առանց ծնողների, բժիշկների, հոգեբանի եւ հոգեբույժի համաձայնության: Ավելի վաղ այս օրինագիծն ընդունվել էր Սենատի կողմից: Այժմ այն պետք է ստորագրի թագավորը, եւ հրապարակումից 10 օր անց օրենքն ուժի մեջ կմտնի, հայտնում է rosbalt.ru-ն:
Նշենք, որ 18 տարեկանից բարձր անբուժելի հիվանդներին էվթանազիայի ենթարկելու օրենքը Բելգիայում ընդունվել էր դեռեւս 2002թ:
Բելգիան կդառնա Նիդեռլանդներից հետո երկրորդ երկիրը, որը թույլատրում է անչափահասների էվթանազիան: 2012թ. Բելգիայում գրանցվել էր էվթանազիայի 1432 դեպք, որը 25%-ով ավելի էր 2011թ. ցուցանիշից: Էվթանազիա ընտրածների մեծամասնությունը 60-ն անց էին եւ քաղցկեղի վերջին փուլում էին:

























