Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ Հակոբ Հակոբյանի մոտ՝ որովայնի շրջանում, սուր ցավեր կային, այդ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Գոռ Ղլեչյանն ասաց, որ լաբորատոր գործիքային հետազոտությունների արդյունքում նրա մոտ սուր վիրաբուժական ախտահարում չի հայտնաբերվել: «Ստացիոներ բուժման կարիք չունի, այս պահին գտնվում է բժիշկների հսկսողության տակ»,-հայտնեցին ՔԿՀ-ից: Թե երբ Հակոբ Հակոբյանին նորից կտեղափոխեն կալանավայր, առայժմ հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր՝ մարտի 9-ին, կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ին ասել է մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը: «Այս պահին տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»: Վիճակը ծանր է: Սրտի հետ կապված խնդիր ունի»,- ասել է փաստաբանը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել խափանման միջոցը:





























