«Հայկական գարեջուր» ընկերությունը իրանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերել մի քանի ապրանքների արտահանման մասին, մասնավորապես՝ ընկույզի եւ դիատոմիտի՝ զտող փոշի: Այս մասին հայ-իրանական բիզնես համաժողովի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը:
«Մենք քաղաքական լավ հարաբերություններ ունենք, ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին՝ ահա արդեն 25 տարի է այդ ճանապարհը միակողմանի երթեւեկությամբ է: Այս հանդիպումը ուղղված է ստեղծված վիճակը փոխելուն, Հայաստանը ներմուծող երկրից նաեւ ակտիվ արտահանող երկրի վերափոխելուն: Դրան կնպաստի ազատ տնտեսական գոտիների ստեղծումը: Մենք արդեն մի քանի ապրանքների, մասնավորապես ընկույզի եւ դիատոմիտի արտահանման համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք այն հիմա էլ ենք Իրան մատակարարում, սակայն առանձին ընկերությունների, որը գնային քաղաքականության տեսակետից մի շարք խնդիրներ է ստեղծում: Այդ պատճառով մենք առաջարկում ենք արտահանումը պաշտոնական մակարդակով կազմակերպել, ինչը կնպաստի այս ապրանքի մատակարարումների ծավալի բազմապատիկ ավելացմանը: Հարկ է նշել, որ դիատոմիտ են օգտագործում Եվրոպայի եւ ԵՏՄ-ի բոլոր առաջատար գարեջրի գործարանները, այդ թվում՝ Carlsberg-ը, Heineken-ը»,- հավելեց ձեռնարկատերը:
Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հեռանկարներին եւ փոխշահավետ պայմաններով համագործակցության հարցերին նվիրված համաժողովին մասնակցող իրանցի ձեռնարկատերերը ընդհանուր առմամբ մեծ հետաքրքրություն դրսեւորեցին ոչ միայն հայկական հումքի, այլ նաեւ տեխնոլոգիաների նկատմամբ:
Քանի որ Հայաստանում այգեգործությունը շատ զարգացած է, իրանցի գործարարները առաջարկում են ազատ տնտեսական գոտում համատեղ ձեռնարկություններ հիմնել: Հումքը Հայաստանից, փաթեթավորումը՝ Իրանում, եւ ձեր առաջ է պատրաստի արտադրանք՝ առանց մաքսատուրքի ԵՏՄ երկրներ մատակարարելու համար: Ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում նաեւ տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են այգեգործության, անասնապահության եւ սննդարդյունաբերության մեջ, նաեւ մարտկոցների արտադրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանում անցկացվում է հայ-իրանական բիզնես համաժողով՝ նվիրված Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հեռանկարներին եւ փոխշահավետ պայմաններով համագործակցության հարցերին:




























