Ինչպես եւ կանխատեսվում էր, Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր Խորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հանցավոր ռեժիմի պարագլուխ Սերժիկ Սարգսյանի հոգեկան անդորրը վերականգնելու համար դիմել է զավեշտի սահմանն անցնող քայլի, հայտնվելով լիակատար հիմար իրավիճակի մեջ:  Հրապարակումից անմիջապես հետո, երկու օր անընդմեջ, աշխատակիցները ներխուժել են Ժիրայր Սեֆիլյանի մենախուց եւ աննախադեպ խիստ խուզարկություններ  իրականացրել այնտեղ: Դեպքի մանրամասները դեռ չենք հրապարակում, հույս ունենալով, որ միջադեպը կհարթվի:

Այնուհանդերձ ակնկալում ենք, որ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը  օր առաջ կվերադարձնի Ժիրայր Սեֆիլյանի ապօրինաբար առգրավված իրերը: Հակառակ դեպքում  մենք ստիպված կլինենք հրապարակել նոր մանրամասներ, որը զավեշտալի եւ անհարմար իրավիճակ կստեղծի ռեժիմի համար:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը  նաեւ հորդորում ենք չանցնել զավեշտի սահմանը եւ չենթարկվել ՀՀ իշխանությունը զավթաց հանցագործ բանդայի պարագլուխ Սերժիկ Սարգսյանի  անմիջական հրահանգներին եւ ապօրինի քայլեր չձեռնարկել «Արմավիր» ՔԿՀ-ում ապօրինի կերպով կալանքի տակ պահվող Հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: