Ալեքսանդր Լապշինի գործով հետաքրքրվել է Եվրոպայի խորհուրդը: Կազմակերպության կայքի «Լրատվամիջոցների ազատություն» բաժնում տեղեկություն է հայտնվել Լապշինի մասին:
Նշված է, որ նա դեկտեմբերի 15-ին ձերբակալվել է Մինսկում, իսկ 2017 թվականի փետրվարի 7-ին Բաքվին է արտահանձնվել Ադրբեջանի հայցով: Ադրբաջանում նրան սպառնում է 8 տարի ժամկետով ազատազրկում՝ Լեռնային Ղարաբաղ այցերի ժամանակ Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման, «հակապետական կարգախոսների», Ադրբեջանին ուղղված քննադատության մեղադրանքներով: Նաեւ հաղորդվում է, որ նա Բաքվում բանտում է գտնվում:
Նշենք, որ «ահազանգում» բաժնում տեղեկություն է հրապարակվում լրատվամիջոցների ազատության խախտումների մասին: Այնուհետեւ հաջորդում է երկրի ներկայացուցիչների արձագանքը: Տվյալ դեպքում առայժմ արձագանք չի եղել: «Սպառնալիքի աղբյուր» բաժնում, այսինքն՝ ումից է սպառնալիքը բխում, տվյալ դեպքում նշված է Ադրբեջանը: