Վանաձորի թիվ 23/37 ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեախցում ընտրություն կատարելիս կորցրել էր տրամադրված կտրոնը, ինչի հետեւանքով նրան թույլ  չտվեցին ավարտել քվեարկությունն ու ուղարկեցին հետ՝ քվեախուց, կորցրած կտրոնը աղբարկղում փնտրելու համար:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ընտրողը րոպեներ շարունակ աղբարկղում փնտրում էր իր կտրոնը՝ այդ ընթացքում գետնին թափելով ու հավաքելով այնտեղ գցված քվեաթերթիկները:  Փնտրտուքը, սակայն, ապարդյուն էր.  այդպես էլ չգտնվելով կտրոնը, նա բարկացած դուրս եկավ  քվեախցից:

Հանձնաժողովի նախագահ  Անահիտ Խանզադյանը, վերցնելով ծրարը, այն փոխանցեց հանձնաժողովի անդամներից մեկին, ով կտրտելով այն, ճանաչեց անվավեր:

Ի դեպ, այս տեղամասում բավականին մեծ կուտակումներ են: Հանձնաժողովի նախագահը դա հիմնավորեց տեղամասի գտնվելու վայրով. «Տեղամասը տեղակայված է երկու շուկաների ՝ հագուստի ու մթերքի շուկաների միջեւ, հավանաբար աշխատողների մեծ մասը ուզում է իր քաղաքացիական պարտքն արագորեն կատարել ու վերադառնալ իրենց աշխատանքին»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։