Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Հորդանան գետի Արևմտյան ափին հնարավոր հարձակումներին, ներառյալ՝ այն սցենարին, երբ Պաղեստինյան ինքնավարության անվտանգության ուժերը զենքը կուղղեն իսրայելցի զինվորականների դեմ, հայտնում է The Times of Israel-ը։

Նա նախազգուշացրել է, որ նման դեպքում Իսրայելը կպատասխանի այնպիսի ուժով, որի մասշտաբները, ըստ նրա, հակառակորդները չեն էլ կարող պատկերացնել։

Նեթանյահուն այս հայտարարությունն արել է Թուլքարմի մերձակայքում՝ Արևմտյան ափի սահմանային շրջանի այցելության ընթացքում։ Նրան ուղեկցել են Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

«Մեր թշնամիները մտածում են այս օրերին՝ ընտրություններից առաջ, մեզ փորձության ենթարկելու մասին։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ այսպես կոչված «զենքի շրջմանը»»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նա ընդգծել է, որ Իսրայելը կոշտ կարձագանքի, եթե պաղեստինյան անվտանգության ուժերը հարձակվեն իսրայելցի զինծառայողների վրա։ Միաժամանակ Պաղեստինյան ինքնավարության անվտանգության ուժերը երկար տարիներ Իսրայելի հետ համակարգում են Արևմտյան ափում կարգուկանոնի ապահովման գործողությունները, իսկ նրանց աշխատակիցների կողմից իսրայելցիների վրա հարձակումները հազվադեպ են լինում։

Նեթանյահուն հայտարարել է նաև, որ իսրայելական բանակը կպահպանի վերահսկողությունը Թուլքարմի շրջանում, որտեղ ավելի վաղ լայնածավալ գործողություններ էին իրականացվել զինված խմբավորումների դեմ։

«Հորդանան գետից արևմուտք արաբական բանակ չի լինի»,- ասել է նա՝ նկատի ունենալով Իսրայելի, Արևմտյան ափի և Գազայի հատվածի տարածքը։

«Մենք հսկում ենք տարածքը Հորդանան գետից մինչև ծով։ Մեր երկիրը, մեր վերահսկողությունը»,- ավելացրել է վարչապետը։

Թուլքարմի շրջանն Իսրայելի համար ռազմավարական նշանակություն ունի՝ Նեթանիա քաղաքին և խիտ բնակեցված առափնյա հարթավայրին մոտ լինելու պատճառով։ Այդ վայրում Արևմտյան ափի և Միջերկրական ծովի միջև հեռավորությունը կազմում է մոտ 15 կմ, ինչը տարածքը՝ անվտանգության տեսանկյունից հատկապես զգայուն է դարձնում։