Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում 2014թ. ամռանը ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով նշանակված կրկնակի դատաբժշկական  հանձնաժողովային փորձաքննությունից գործի քննությունը չի կասեցվել:

NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը հայտնեց, որ դատավոր Դավիթ Հարությունյանն է որոշում կայացրել գործի քննությունը չկասեցնելու վերաբերյալ:

«Ներկայումս մենք շարունակում ենք դատաքննությունը, մինչեւ որ կստացվի փորձաքննության եզրակացությունը»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ տուժող կողմի միջնորդությամբ է նշանակվել դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Վարդան Թումանյանի մահվան վերաբերյալ երկու հակասական եզրակացություն կա. առաջինի համաձայն՝ նրա մահը վրա է հասել ծեծի հետեւանքով, երկրորդի համաձայն՝ նա այդ օրը մահանալու էր անկախ ամեն ինչից:

Կրկնակի փորձաքննությունը պարզելու է հետեւյալ հարցերը՝ ո՞րն է եղել Վ.Թումանյանի մահվան պատճառը, 13.07.2014թ. ստացված մարմնական վնասվածքների և մահվան միջև առկա՞ է պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ, առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովի Դատաբժշկական լրացուցիչ հանձնաժողովային եզրակացությունը Վ.Թումանյանի մահվան պատճառի մասով հիմնավորվա՞ծ և արժանահավատ է, թե՞ ոչ եւ այլն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանը, Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։

Երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ: Ազատամարտիկի հարազատները մինչդեռ համոզված են՝ կատարվածը սպանություն է, իսկ մեղադրանքն էլ ոչ իրավաչափ կատարվածին:

Նշենք, որ գործով մեղադրյալներից Գեւորգ Սարգսյանը հանրությանը հայտնի է որպես «Ջունգլ»: Նա այս գործով ազատության մեջ էր, սակայն կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով հարուցված քրեական գործից հետո էր նա միայն կալանքի տակ վերցվել: