Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը պետք է դիտարկել որպես աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի հրահանգ, իսկ հայեցակարգում կան սողանցքներ եւ դրանք հետեւողականորեն օգտագործվում են, երբ ռուսական պաշտոնյաները պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներում անընդհատ կտրուկ հայտարարվում են, որ եթե, օրինակ,  ուզում եք հայ վարորդները աշխատեն ՌԴ-ում, ռուսերենը երկրորդ պետական լեզու պետք է դարձնեք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգ. ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փո՞րձ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, Հայեցակարգում մի վտանգավոր դրույթ կա. հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգով նախատեսվում է ռուսաց լեզվի խորացված ուսուցում, ինչպես նաեւ ռուսաց լեզվի խորացված ուսուցման դասարանների թվի ավելացման նպատակահարմարության համար որոշման մշտադիտարկման անցկացում։ «Այսինքն, հայեցակարգով դրվում է հիմք, որով կարող է հանրակրթության մասին օրենքը փոխվել եւ ավելացվել օտարալեզու դպրոոցների թիվը»:

Արայիկ Հարությունյանի խոսքով, մեր առջեւ ծառացած խնդիրը ոչ թե օտար լեզուների հայեցակարգի մեջ է, այլ հանրակրթության համակարգի. «Ոչ թե լեզուն լավ չեն սովորում, քանի որ չկան օտարալեզու դպրոցներ, այլ չկան լավ մասնագետներ։ Այսօր բոլորս էլ տեսնում ենք ինչպես են տնօրեններ ընտրվում, ինչպես են ուսուցիչներ ընտրվում»:

Նա նաեւ հիշեց, որ 2010 թ․ հանրակրթության մասին օրենքի նախագծում չկար սահմանափակում օտար լեզվով դպրոցների հարցում, բողոքի արդյունքում դրանց թիվը նվազեցվեց մինչեւ 9-ը, որոնցից առավելագույնը 4-ը միայն մեկ լեզվով։

«Սակայն այսօր խնդիրը լուծում են օտարալեզու դասարանների միջոցով։ Իսկ այն հիմնավորումները, որ ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ չի տրվել, կարելի է լուծել օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով եւ այնտեղ ավելացնել նաեւ ռուսերենը»,-ասաց «Ելք»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ անհեթեթ է հայեցակարգի կնքամայրերից մեկի՝ Լիլյա Բալասանյանի փաստարկը, որ երբ ինքն գնում էր Մոսկվա, օդանավակայանում մի ռուս սպա իրեն ասել է,  որ հոգով հայ է, այդ իսկ պատճառով պետք է ընդունել այս հայեցակարգը։

«Ավելի անհասկանալի է, երբ նախարարը խոսում  է կիրիլիցայի հիմքով ռուսաց լեզվի հայեցակարգ ընդունելու շուրջ։ Այդ պարագայում ու՞ր են մակեդոներենն ու բուլղարերենը»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը։