Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանին եւ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով ՀՀ քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին եւ տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն չձերբակալելու եւ նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու եւ քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերին ստացել եւ Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստաբանի եւ քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




























